Նիդերլանդների
զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) 15 ԱՄՆ մլն դոլար վարկ է տրամադրել
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ` բիզնեսի
վարկավորման նպատակով: Ինչպես
ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի լրատվական ծառայությունից, վարկը
շահառուներին տրամադրվելու է հինգ տարի
մարման ժամկետով 10-12 տոկոս դրույքաչափով
մինչև 1մլն ԱՄՆ դոլար սահմանաչափով:
Վարկային միջոցներից կարող են օգտվել մինչև 300 աշխատող ունեցող այն ձեռնարկությունները, որոնց ընդհանուր
ակտիվները չեն գերազանցում
15,000,000 ԱՄՆ դոլարը: Վարկային միջոցներն առավելապես
կուղղվեն արտահանող ընկերությունների բիզնես ծրագրերի ֆինանսավորմանը:
«Թեև սա Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության
հետ մեր համագործակցության առաջին ծրագիրն է, սակայն հույս ունենք, որ կունենանք երկարաժամկետ,
փոխշահավետ համագործակցություն և վարկի շրջանակներում կկարողանանք մեր հաճախորդներին առաջարկել
երկարաժամկետ, մատչելի, մրցունակ պայմաններով ֆինանսավորում»,-հայտարարել է
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը`
Հոլանդական զարգացման բանկի «Exchange on the Future of Banking» թեմայով
երրորդ տարեկան ժողովի շրջանակներում
պայմանագրի ստորագրաման արարողության ժամանակ: Միաժամանակ նա բարձր է գնահատել
Հայաստանում ընկերության կողմից ընդհանուր առմամբ
իրականացված ներդրումների արդյունավետությունը:
Նշենք, որ Նիդերլանդների զարգացման ֆինանսական
ընկերությունը ("FMO") ստեղծվել է 1970 թվականին հոլանդական
կառավարության, արևտրային բանկերի, ազգային գործարարների միության,
պրոֆմիությունների և անհատ ներդրողների կողմից զարգացող երկրներում և շուկաներում
մասնավոր սեկտորի ծրագրերում ներդրումներ կատարելու նպատակով: 2008 թվականի մարտ
ամսին FMO-ին շնորհեցին բանկի կարգավիճակ: Բանկը այսօր պաշտոնապես գտնվում է
հոլանդական կենտրոնական բանկի հսկողության տակ: 2013 թվականին դեկտեմբերի դրությամբ FMO-ն ներկա է գտնվել
ավելի քան 80 տարբեր զարգացող երկրներում և շուկաներում զարգացման ֆինանսական
գործընկերի կարգավիճակով: Ընկերության ներդրումային պորտֆելը 2013թ.-ին
կազմել է 6,7 մլրդ եվրո, ինչի շնորհիվ այն
դասվում է մասնավոր հատվածը ֆինանսավորող ամենախոշոր բանկերի շարքում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի
Ֆինանսական Վարկանիշի, իր ակտիվներով և վարկային ներդրումներով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ
գտնվում է առաջատարների տասնյակում, իսկ զուտ շահույթով` առաջատարների հնգյակում:
Բանկի ակտիվները 2014 թվականի հուլիսի 1-ին կազմել են 286 մլն.դոլար, որի
կառուցվածքում վարկային ներդրումները կազմել են ավելի քան 54%: Բանկի վարկային
պորտֆելում տնտեսության վարկավորման ծավալները կազմել են մոտ 75%: Բանկի ընդհանուր
կապիտալը նույն օրվա դրությամբ գերազանցել է 53 մլն.դոլարը, տարեկան աճը`21%:
2014-ի առաջին կիսամյակը բանկը եզրափակել է 5.2 մլն.դոլար զուտ շահույթով, տարեկան
աճը` 30%: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մեծամասնական բաժնետերերն է «Ֆլեշ» ընկերությունը (նախագահ
Բարսեղ Բեգլարյան), որը տիրապետում է բանկի բաժնետոմսերի 64,24%-ին, ինչպես նաև
ՎԶԵԲ-ը` 25% + 1 բաժնետոմս, Rural Impulse Fund II (Բելգիական Incofin Investment Management - Incofin IM
կառույցի անդամ)`10%: