Կրկին լուրեր են շրջանառվում Սևանից
ջրի բացթողման ծավալների ավելացման մասին: Իսկ ավել վաղ, որ, ըստ այդ
լուրերի, կարող են համապատասխան
փոփոխություններ կատարվել «Սևանա լճի մասին» օրենքում, խոսել էր «Հանուն կայուն
զարգացման» Ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը: Ներկայումս, ըստ այդ օրենքի,
ջրի բացթողումը Սևանից նախատեսվում է տարեկան 170 մլն.խմ:
Այսօր Կովկասի
ինստիտուտում այս թեմայով կայացած դեբատների ընթացքում այս հարցը բարձրացրեց ՀՀ
ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և իխտիոլոգիայի ինստիտուտի հիդրոբիոլոգիայի բաժնի ղեկավար
Սուսաննա Հակոբյանը: Փորձագետը հույս հայտնեց, որ ջրի բացթողման առավելագույն
չափերը չեն փոխվի: «Մենք ունենք ջրային այլ աղբյուրներ, որոնք կարելի է օգտագործել
Արարատան դաշտը ոռոգելու նպատակով»,-ասել է նա, հավելելով, որ ջրի բացթողման
ավելացումը կարող է բերել Սևանա լճի մակարդակի բարձրացման տեմպերի դանդաղմանը:
Պրոբլեմների
շարքում Հակոբյանը նշել է լճի կենդանական պլանկտոնի տեսակների փոփոխությունը,
ինչպես նաև այն, որ Սևանում հայտնվել է «ինքնակոչ հյուր»` ամուրյան չեբաչոկը, որը
սպառնալիք է տեղական ձկների համար: Բացի այդ, նշվել է փոքր ՀԷԿ-երի գործունեության
բացասական կողմերն այն գետերի վրա, որոնք լցվում են Սևանա լիճ: Օրինակ, Վարդենիկ
գետի վրայի ՀԷԿ-ն ունի շատ նեղ ձկնանցարան, իսկ գետի ողջ ջուրն, ըստ էության,
մտնում է հիդրոէլեկտրակայանի խողովակներ:
Իսկ ջրային
ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը նշել է, որ ջրի թափանցիկությունից բացի
լճի մյուս ցուցանիշները վատթարացել են: Մասնավորապես, 26 գետեր իրենց հետ Սևան են
բերում հոսող ջրեր, այդ թվում, կենցաղային և շինարարական աղբ: Արդյունքում, այդ
ամենը աղտոտում է գետաբերանները, ինչը բացասական գործոն է:
Ինչ վերաբերվում
է փոքր ՀԷԿ-երին, ապա Հայաստանում բնապահպանական հոսքի ծավալները բավարար չեն
էկոհամակարգը պահպանելու համար, քանի որ դրա գնահատման համար ընկերությունները
կարող են ելնել տարվա ամենաչորային եղանակների ցուցանիշներից: Փորձագետը նշել է
նաև, որ հիդրոէլեկտրակայաներն սկսել են կառուցել անգամ մի շարք ջրամբարների
ջրթողիչների վրա:
Հովհաննիսյանը
բացասականորեն է գնահատել նար Հայաստանում ջրային ռեսուրսների Կադաստրի
բացակայությունը: