Բնապահպանության նախարարությունը վերստին հերքում է Ուրմիա լճի վերականգնման համար Սևանի ջրի օգտագործման վերաբերյալ լուրերը:
Իրանական «Մեհր» գործակալության հաղորդման համաձայն, Ուրմիայի վերականգնման նախագիծը ենթադրում է ջրի ներմուծում Հայաստանից և Վրաստանից` գազի և նավթի դիմաց:
Մինչդեռ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Թեհմինե Արզումանյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ այդ հաղորդումն իրականությանը չի համապատասխանում: «Սևանի ջրի օգտագործման վերաբերյալ լուրերն ավելի վաղ երկու կողմերը հերքել էին պաշտոնական մակարդակով: Ուրմիայի վերականգնման համար Սևանի ջրերի օգտագործման վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի», - ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Ուրմիայի կարիքների համար Սևանի ջրի օգտագործման ծրագրերի վերաբերյալ օգոստոսին հայտարարել էր իրանցի պատգամավոր Ալի Ալիլուն: Այդ լուրը մտահոգություն էր հարուցել հայ բնապահպանների շրջանում, որոնց հավաստմամբ, Ուրմիա լճի վերականգնումը Սևանի հաշվին լուրջ ռիսկեր է ներառում: Մասնավորապես, նշվում էր, որ Սևանում արդեն երկու տարի անընդմեջ արձանագրվում է բացասական հաշվեկշիռ: Լճի ջրի մակարդակի նման կտրուկ փոփոխությունները, փորձագետների կարծիքով, կարող են բացասաբար անդրադառնալ Սևանի էկոհամակարգի վրա: