Թուրքիայի, Վրաստանի և
Ադրբեջանի մասնակցությամբ մի ինչ-որ
տարածաշրջանային միության ստեղծման մասին խոսելը վաղ է, նման հայտարարությունները
զուտ քարոզչական բյույթի են: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է
հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով վերը նշված երեք երկրների
պաշտպանության նախարարների վերջին հանդիպումը Նախիջևանում:
Մելքոնյանն ընդգծել է, տարածաշրջանում առկա իրավիճակը
բացառում է որևէ նոր դաշինքի և ռազմաքաղաքական բլոկի ստեղծումը, և, ամենայն
հավանականությամբ, տեղ են գտել Հայաստանին հերթական անգամ տհաճություն պատճառելու
փորձեր` ցուցադրելով նրա մեկուսացումը տարածաշրջանային գործընթացներից: «Իսկ
Վրաստանին այդ գործընթացներում ներքաշում են այդ նախագծին անկանխակալության,
հավասարակշռության տեսք տալու համար: Անկարան և Բաքուն նաև փորձում են խաղալ
վրացական կողմի զգացմունքների հետ, շահարկելով այն թեման, թե Հայաստանն իբր տարածքային նկրտումների ունի Թբիլիսիի
նկատմամբ: Սակայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հասկացրել է, որ նման
խոսակցությունները լիակատար անհեթեթություն են», - ասել է Մելքոնյանը:
Փորձագետն
ուշագրավ է համարում նաև այն հանգամանքը, որ Նախիջևանի հանդիպումը և միության
ստեղծման վերաբերյալ հետագա խոսակցությունները տեղի են ունենում շփման գծում
ադրբեջանական դիվերսիաներից հետո, որոնք ծանր հետևանքներ ունեցան Բաքվի համար:
«Բաքվի ռազմական և դիվանագիտական պարտությունը նրան ստիպում են Հայաստանի դեմ
դաշինք կազմակերպել, սակայն չեմ կարծում, թե դա նրան կհաջողվի», - համոզված է թուրքագետը: Մելքոնյանն այդ գաղափարը
պայմանավորում է տարածաշրջանում և աշխարհում առկա որոշ գործընթացներով, որոնք,
մասնավորապես, առնչվում են մի կողմից` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի
անդամակցելու մտադրությանը, մյուս կողմից` Վրաստանի եվրաինտեգրման և ՆԱՏՕ-ին
անդամակցության ծրագրերին, որտեղ Անկարան բավականին նշանակալի դեր է խաղում: