Հայաստանը պետք է միջազգային հանրությունից պահանջի դատապարտել թուրքական իշխանությունների գործողությունները Քեսաբի հայերի նկատմամբ, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչներ Ներսես Սարգիսյանը:
Նրա խոսքով, ՀՀ նախագահն իր հայտարարությունում խոսել է ազգային փոքրամասնությունների նկատմամբ գործողությունների մասին, սակայն տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ միայն նրանց, այլ այն մասին, որ Քեսաբի հայերն ապրում են իրենց պատմական հողում` չնայած այն բանին, որ այն գտնվում է Սիրիայի տարածքում: ՙՏվյալ դեպքում ակնհայտ է թուրքական իշխանությունների անմիջական աջակցությունն իսլամիստական խմբավորումներին: Կուզենայի ավելի հստակ դիրքորոշում լսել Հայաստանի իշխանություններից այդ իրադարձությունների առնչությամբ՚,- ընդգծել է Սարգսյանը:
Հալեպի Ազգային իշխանության մեկ այլ ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանն իր հերթին, պատասխանելով քեսաբահայերի իրենց տներ վերադառնալու վերաբերյալ հարցին, նշել է, որ նրանք, անշուշտ, հետ կվերադառնան, բայց դա չի կարող տեղի ունենալ արագ, քանի որ պետք է ապահովվի նրանց անվտանգությունը: ՙԻնչ վերաբերում է քեսաբահայերին ընդունելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պատրաստակամությանը, կարծում եմ, որ եթե նրանք որոշեն լքել Սիրիան, առաջին հերթին կգան Հայաստան՚,- նշել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 21-ից Սիրիայի սահմանամերձ Քեսաբ քաղաքը հարձակման է ենթարկվում իսլամական ՙԱլ-Նուսրա՚ և ՙԻսլամական ճակատ՚ խմբավորումների կողմից: Քաղաքը գրոհում են Թուրքիայի կողմից և նրա աջակցությամբ: Խմբավորումների շարքերը համալրում են, հիմնականում, թուրքերը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսը Սիրիայի իշխանություններին և միջազգային հանրությանը կոչ են արել պաշտպանել Քեսաբը և համարժեք գնահատական տալ իրավիճակին: