Ադրբեջանի
պաշտպանության նախարարությունը ողջ ուժով ձգտում է թաքցնել ուղղաթիռի խոցմանը
հայկական կողմի անհամարժեք պատասխանի արդյունքում կրած կորուստները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է ուժային կառույցների
աղբյուրը, Բաքուն հայկական կողմի զսպվածության ֆոնին փորձում է միջազգային
հասարակայնության առջև դեմքը պահպանել` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված
ուժերի շփման գծում խոցված հայկական ուղղաթիռի առնչությամբ:
«Սեփական սխալներն ընդունելու և գոնե իր
հասարակայնությանը կատարվածի, իր զինվորնյերի շրջանում անհամար ու անիմաստ զոհերի
մասին ճշմարտությունը բացահայտելու փոխարեն Ադրբեջանի ՊՆ հերթական անգամ
նենգափոխում է հայ պաշտոնական անձանց հայտարարությունները: Մասնավորապես, մամուլի
քարտուղար գնդապետ Վագիֆ Դարգյախլիին դուր չի եկել Հայաստանի պաշտպանության
նախարար Սեհրան Օհանյանի` խոցված ուղղաթիռի դիմաց պատասխան միջոցների բնորոշումը:
Նախարարը հայտարարել էր, որ այդ միջոցներն առայժմ հրապարակային տարածման ենթակա
չեն, խոստանալով, որ անհրաժեշտության դեպքում հասարակայնությունը շատ բանի մասին
կիմանա», - նշում է աղբյուրը:
Նրա գնահատմամբ, ռազմական ավանդույթներից զուրկ
ադրբեջանական բանակի համար, դատելով ըստ ամենայնի, օտար են «ռազմական գաղտնիք» և
«կարևոր տեղեկությունների չհրապարակում» հասկացությունները: Ինչպես նաև ազգային
զինված ուժերի գործունեության թափանցիկությունը:
Զինծառայողների շրջանում բազմաթիվ զոհերից հանրային
կարծիքը շեղելու նպատակով Դարգյախլին, փորձելով նենգափոխել փաստերը, նույնիսկ հայտարարել է, թե Հայաստանի
պաշտպանության նախարարի հայտարարությունն արվել է 2014 թվականի ամփոփիչ խորհրդակցությունում: Իրականում, առայժմ ոչ մի
ամփոփիչ խորհրդակցություն չի եղել, և նախարարը, պարզապես, զրուցել է լրագրողների
հետ:
«Բաքվի պաշտոնյաների արձագանքն իսկ թույլ է տալիս
վստահությամբ ասել, որ պատասխան եղել է, և եղել է անհամարժեք: Եթե ոչ նրանք,
հապա ուրիշ ով կարող է իմանալ այդ
պատասխանի արդյունքները, երբ նույնիսկ ադրբեջանական կայքերը լեփ-լեցուն են «դժբախտ
դեպքերի» մասին տեղեկատվությամբ: Բաքվում ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել այն
բանի հետ, որ իրենց այդպես էլ չի հաջողվել իրենց հարկավոր սցենարը պարտադրել
հայկական կողմին, և այժմ ստիպված են հատուցել իրենց վարքագծի դիմաց», - նշում է
աղբյուրը:
Նոյեմբերի
12-ին ադրբեջանական ԶՈՒ խոցել էր ուսումնավարժական թռիչք իրականացնող «ՄԻ-24»
հայկական ուղղաթիռը, որի անձնակազմի անդամներն էին Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ սպաներ
Սերգեյ Սահակյանը, Սարգիս Նազարյանը և Ազատ Սահակյանը: Նոյեմբերի 22-ին ԼՂՀ
պաշտպանության բանակի ստորաբաժանումների հատուկ գործողության արդյունքում
ուղղաթիռի անկման վայրից դուրս են բերվել օդաչուների դիակները, ինչպես նաև ուղղաթիռի
անհրաժեշտ մասերը: Գործողության արդյունքում ոչնչացվել է երկու ադրբեջանցի
զինծառայող: Ղարաբաղի զինծառայողները կորուստներ չեն կրել: