2014 թվականի
մայիսի 30-31-ը երևանյան ամենասիրված հանրային տարածքներից մեկում`Սիրահարների
այգում տեղի կունենա Mobile App Expo 2014 ցուցահանդեսը: Ինչպես այսօր կայացած
մամուլի ասուլիսում լրագրողներին
տեղեկացրել է mLab ЕКА ընկերության
տնօրեն Մարիամ Դավթյանը, ցուցահանդեսին կմասնակցեն Orange Armenia, Instigate Mobile, ArmTab, SFL,
iDram, Samsung և այլ ընկերություններ:
Mobile App Expo 2014-ն կհյուրընկալի ավելի քան 50
Երևանյան ընկերությունների, որոնք կներկայանան իրենց ծրագրերով, արտադրանքով և
լուծումներով. խաղեր, բիզնես ծրագրեր, ժամանցային, կրթական և սոցիալական
հավելվածներ` մշակված տեղական և համաշխարհային շուկաների համար:
Միջոցառման նպատակն է համախմբել մոբայլ հավելվածների
էկոհամակարգի ներկայացուցիչներին, այդ թվում` ծրագրավորողներին, շուկայագետներին,
բջջային օպերատորներին, սարքավորումներ արտադրողներին, ոլորտի մասնագետներին և
ցուցադրել Հայաստանի և Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի
(ԵԿԱ) երկրներում մշակված հավելվածները: Նախատեսվում է, որ միջոցառումը կունենա
ավելի քան 1000 այցելու, կմասնակցեն ավելի քան 300 տեղեկատվական տեխնոլոգիաների և
մոբայլ ոլորտի մասնագետներ:
Ցուցահանդեսին կլինեն մի շարք միջոցառումներ,
մասնավորապես, ինտերակտիվ սեմինարները, շնորհանդեսները, խաղային մրցույթները և
ժամանցային միջոցառումները կուղեկցեն ցուցահանդեսը: Այցելուները կկարողանան
փորձարկել հավելվածները, խաղալ ինտերակտիվ խաղեր, մասնակցել սեմինարներին,
մրցույթներին և շահել արժեքավոր մրցանակներ: Ցուցահանդեսի շրջանակում անցկացվող
Mobile App Acceleration Camp (MAAC) աշխատաժողովը կօգնի տարածաշրջանի սկսնակ
ընկերություններին մշակել մրցունակ հավելվածներ AppCampus ծրագրի կողմից 20 – 70 000 եվրո ֆինանսավորում ստանալու
համար, նշել է Microsoft Հայաստան ինովացիոն կենտրոնի ղեկավար Եվա Հյուսյանը:
Լավագույն սկսնակ ընկերությունները հնարավորություն
կունենան ներկայացնելու իրենց գաղափարները Imperious Group ռուսական և Granatus Ventures առաջին հայկական վենչուրային
հիմնադրամներին:
Նշենք,
որ միջացառման կազմակերպիչներն են mLab ECA,
EIF, Microsoft Innovation Center Armenia ընկերությունները, իսկ
հովանավորներն են` ArmTab, Microsoft,
Boghossian Gardens, Samsung ընկերությունները: