Հայաստանում սպասվում են ուսանողական և աշխատանքային գործադուլներ, տարբեր զանգվածային միջոցառումներ և երթեր` ընդդեմ կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՙԴեմ եմ՚ նախաձեռնության անդամ Արման Ավետիսյանը:
Նրա խոսքով, տեղում ինքնակազմակերպման միջոցներ կձեռնարկվեն: ՙԿա նաև կոմունալ ծախսերի չվճարման գաղափար: Կենսաթոշակային բարեփոխմամբ մտահոգ ուսանողները ևս ներկայացրել են պայքարի որոշ մեթոդներ: Նախատեսվում է նաև քաղաքացիական անհնազանդության օր: Առայժմ մենք չենք բացահայտի բոլոր գաղափարները՚,- նշել է Ավետիսյանը:
Քաղաքացիական նախաձեռնության անդամները գտնում են, որ կուտակային կենսաթոշակների վերաբերյալ նոր օրենքը լուրջ խնդիրներ է ստեղծում երկրի զարգացման համար: ՙՀայաստանի քաղաքացիներին կողոպտում են, որևէ երաշխիք չկա, որ այդ միջոցները հետ կվերադարձվեն՚,- գտնում է Ավետիսյանը: