Երևանում Միկոյանի արձանի տեղադրումը մեր հասարակության ուշադրությունը կարևոր խնդիրներից շեղելու հերթական փորձ է, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ կուսակցության վարչության անդամ, հասարակական գործիչ, հայտնի բժիշկ Վահան Վարդապետյանը` մեկնաբանելով խորհրդային հայտնի քաղաքական գործչի արձանը կանգնեցնելու նախաձեռնությունը:
ՙՀամենայն դեպս, սա առաջին եզրակացությունն է, որին հանգում ես այդ պատմության շուրջ բարձրացված աղմուկը վերլուծելիս: Խորապես համոզված եմ, որ հուշարձանի կանգնեցումը չպետք է ինքնանպատակ լինի` հաշվի առնելով, որ այսօր դա Հայաստանում գոյություն ունեցող բազմաթիվ հրատապ խնդիրներից որևէ մեկ չի լուծում՚,- հայտարարել է նա:
Վարդապետյանը նշել է, որ հասարակության կարծիքին հակառակ հուշարձան տեղադրել ցանկացող անձանց շարժառիթն անձամբ իրեն անհասկանալի է, ինչպես և անհասկանալի է այն, թե ում և ինչի համար են նրանք այդքան ցանկանում հաճոյանալ: Մինչդեռ բոլոր այդ քննարկումներն արդեն հանգեցրել են Անաստաս Միկոյանի անցյալի էջերի թերթմանը, որոնք, անշուշտ, մեծ գործերից բացի, բացասական դրվագներ են պարունակում: Արդյունքում, նրա կարծիքով, այսօր քննարկվում են միայն այդ բացասական կողմերը, իսկ դրական ամեն բան մոռացության է մատնվում:
Մեկնաբանելով Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հայտարարությունը, թե Միկոյանի արձանի տեղադրումը նրա ժառանգների ցանկությունն է` Միկոյանների ընտանիքին մոտիկից ծանոթ Վարդապետյանը վստահաբար նշել է, որ հայտնի խորհրդային երաժիշտ, կոմպոզիտոր և նկարիչ Ստաս Նամինը /Անաստաս Ալեկսեևիչ Միկոյան-խմբ./ երբեք նման խնդրանքով որևէ մեկին չէր դիմի: ՙՑանկացած հուշարձանի տեղադրում պետք է հարգանքի, ժողովրդի սիրո դրսևորում լինի, այլ ոչ թե Անաստաս Միկոյանի արձանն անհարգալից վերաբերմունքի օբյեկտ դարձնող անհասկանալի նախաձեռնություն՚,- ամփոփել է հասարակական գործիչը: