ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններին չմասնակցեց գումար չունենալու պատճառով։ Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Հայաստանի Սոցիալ Դեմոկրատական ՙՀնչակյան՚ կուսակցության անդամ, Երևանի ավագանու թեկնածու Գուրգեն Եղիազարյանը:
Նրա խոսքերով, ընտրություններին չմասնակցելը Տեր-Պետրոսյանը պաշտոնապես պատճառաբանեց տարիքով: Գ. Եղիազարյանը նկատել է, որ ՙտարիքը մեր և մի քանի հոգու համար էր ասված, ովքեր կհավատային, բայց այնտեղ նշվում էր նաև մի շարք այլ տեխնիկական պատճառներ՚, հավելելով, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույնպես, առկա է եղել ֆինանսական պրոբլեմը: ՙԱյժմ էլ, Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ը և քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը նույնպես ունեն ֆինանսական պրոբլեմներ, բայց պայքարը կշարունակվի՚,-հայտարարել է նա: Նա նաև հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն այն մասին, որ ՀԱԿ-ը ֆինանսական աջակցություն է ստանում ԲՀԿ-ից, որի ստեղծումը նախաձեռնված է ՀՀ երրոդ նախագահ և Կոնգրեսի ՙթշնամի՚ Ռոբերտ Քոչարյանի կողմից:
Եղիազարյանը նաև հայտարարել է, որ չի հասկանում Րաֆֆի Հովհաննիսյանի ՙՆոր Հայաստան՚ շարժմանը միանալու կապակցությամբ քննարկումներ անցկացնելու ՀԱԿ կուսակցության որոշումը, քանի որ, նրա կարծիքով, անիմաստ է միանալ մի մարդու, որը ժողովրդին ոչ մի տեղ չի տանում, թյուրիմացության մեջ դնելով ընդդիմադիր բլոր ուժերին: ՙԻնչի՞ համար է Րաֆֆի Հովհաննիսյանն ստեղծում շարժումը: Որպեսզի բողոքող զանգվածներին տանի աղոթելո՞ւ… Ինչույ է նա հերոսացնում նախագահին, որը հերոս չի հանդիսանում: Հերոսը Մոնթե Մելքոնյանն է, բայց ոչ Սերժ Սարգսյանը: Պարզ է, որը նրա հիմնական նպատակը ընդդիմության շարքերը պառակտելն է՚,-ընդգծել է նա: Նա նաև հավելել է, որ միակ մարդը, ով կարող է փոխել իրավիճակը, դա Լևոն Տեր-Պետրոսյանն է, իսկ Րաֆֆիի Հովհաննիսյանը, որքան էլ պայքարի, չի կարող ընտրվել: ՙՑանկացած մեկը կարող էր նախագահ ընտրվել, նույնիսկ՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանը, բայց ոչ Րաֆֆին՚,-եզրափակել է նա: