Սեպտեմբերին Հայաստանի թատրոնները կբացեն նոր թատերաշրջանը, որը հանդիսատեսին կուրախացնի պրեմիերային ներկայացումներով:
Ինչպես օգոստոսի 28-ին մամուլի ասուլիսում պատմել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, նոր թատերաշրջանում հանդիսատեսի դատին կներկայացվի 2 բեմադրություն` ՙՄադագասկար՚ մանկական երաժշտական ներկայացումը, որի համար հատուկ 14 երգ է գրվել, և ՙՌիչարդ 3-րդը՚` ըստ Շեքսպիրի, որին կմասնակցի մինչև 45 դերասան: Թատրոնի ծրագրերը ներառում են հյուրախաղեր Արցախում` Պերճ Զեյթունցյանի ՙ100 տարի անց՚ պիեսով:
Աշնան առաջին ամիսը պրեմիերաներով կնշանավորվի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանի ասելով, սեպտեմբերի 19-ին և 20-ին կկայանա ՙԼոմբարդ՚ բեմադրության պրեմիերան` ըստ Ադալյանի: Բացի այդ, թատրոնը նախատեսում է բեմադրել ՙՍիրո երգիչը՚ երաժշտական ներկայացումը, որի ռեժիսորը Վահան Բադալյանն է: Ոչ մեծ ուշացումով Պարոնյանի անվան թատրոնը կնշի իր հիմնադրման 70-ամյա հոբելյանը: Ինչպես պատմել է Շահբազյանը, նախապես ծրագրվում էր հոբելյանը նշել ՙԿարինե՚ օպերետի բեմադրությամբ, որի աշխատանքների մի մասն ավարտված է, և սպասվում է, որ պրեմիերան կընթանա տարեվերջին՝ հաջորդ տարեսկզբին:
Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը նույնպես նախապատրաստվում է պրեմիերայի: Թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանի հավաստմամբ, հանդիսատեսի դատին կներկայացվի ՙԱմեն ինչ վաճառքի ներկայացումը՚` ըստ Օստրովսկու ՙԲանուկ վայրում՚ պիեսի: Ուշագրավ է, որ ներկայացման երաժշտությունը գրել է հայտնի կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը: Իր երկրպագուներին կուրախացնի նաև Կամերային պետական թատրոնը, որն իր բեմում առաջին անգամ կներկայացնի մանկական երաժշտական ներկայացում: Բացի այդ, հանդիսատեսին սպասում է նաև 2 մոնոներկայացում, որ գրվել են հատուկ հայտնի դերասաններ Ռաֆայեկ Երանոսյանի և Լուիզա Ներսիսյանի համար:
Հանդիսատեսին պրեմիերային ներկայացումներով կուրախացնեն նաև մարզային թատրոնները: Պրեմիերաներից բացի, նրանց նոր թատերաշրջանը կնշանավորվի հյուրախաղերով Երևանում և հանրապետության այլ քաղաքներում: Միջազգային հյուրախաղերի կմեկնեն նաև ՙՀամազգային՚ թատրոնը (ԱՄՆ և Կանադա), Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը (Մեծ Բրիտանիա), Մնջախաղի պետական թատրոնը (Գերմանիա և Ռուսաստան):