Հայաստանը Եվրամիության հետ բանակցում է ՙկոնյակ՚ անվանումը հայ արտադրողների համար պահպանելու ուղղությամբ: Այս մասին այսօր, ՙԱռևտրի ազատ և համապարփակ գոտու՚ ստեղծման շուրջ բանակցությունների հերթական ռաունդի մեկնարկից առաջ լրագրողներին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
ՙԿոնյակ՚ անվանումը ԵՄ կողմից գրանցված է որպես արտադրման ծագումնավայր: Բայց մեր եվրոպական գործընկերներին մենք ներկայացրեցինք, որ մեր բնակչությունը կոնյակն ընկալում է որպես ապրանքատեսակ, և կոնյակի արտադրությունը Հայաստանում ունի երկարամյա պատմություն: Հետևաբար, անհրաժեշտ է հաշվի առնել այդ նրբությունները և առանձնհատկությունները՚,-հայտարարել է փոխնախարարը: Ըստ Մելքոնյանի, այս հարցի շուրջ ընթանում են լայնամասշտբ բանակցություններ: ՙՀարցը գտնվում է օրակարգում և կքննարկվի նաև առաջիկա ռաունդում: Հուսով եմ, որ եվրոպական կողմի հետ կգտնենք մի այնպիսի լուծում, որը, ելնելով այդ ոլորտի համար ընդունված միջազգային օրենսդրությունից, վնաս չի պատճառի մեր տեղական արտադրողին՚,-ընդգծել է Գ.Մելքոնյանը, հավելելով, որ կառավարությունն այս հարցը քնարկել է տեղական արտադրողների հետ: ՙՄենք մեծ ուշադրություն ենք հատկացնում բանակցությունների վերաբերյալ արտադրողներին տեղյակ պահելուն, որպեսզի նրանք պատրաստ լինեն հնարավոր փոփոխություններին՚,-նշել է նա: Մելքոնյանը նաև տեղեկացրել է, որ ԵՄ հետ բանակցություններն ընթանում են նաև ՙՇամպայն՚ անվանման կապակցությամբ: ՙԲայց պետք է նշեմ, որ այս հարցը Հայաստանի համար անքան էլ զգայուն չէ՚,-նշել է նա:
Ավելի վաղ, Երևանի Կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել էր, որ ՙկոնյակ՚ անվանման հետ կապված պրոբլեմը գոյություն ունի, չնայած, իրականում այն մի փոքր ուռճացված է լրագրողների կողմից: ՙՉեմ կարծում, որ այս պրոբլեմն առաջիկա 2-3 տարիներին կարող է առաջանալ, չնայած, հարկավոր է, իհարկե, հաշվի առնել, որ տեսական այս պրոբլեմը կարող է վերածվել գործնականի: Իրականում, գործող միջազգային իրավական կարգավորման շրջանակներում, որի մասը չեն կազմում ոչ Հայաստանը, և ոչ էլ Ռուսաստանը, մենք չենք կարող կոնյակ արտադրել: ՙԿոնյակ՚ խմիչքը հանդիսանում է Ֆրանսիայի սեփականությունը և դրա արտադրությունն իրավապես ասոցիացված և ամրագրված է Ֆրանսիայի որոշ տարածքային միավորների հետ՚,-ասել է Գրիգորյանը: Նա պարզաբանել է, որ կոնյակը կարող է ստացվել բացառապես խաղողի որոշ տեսակներից, հստակ սահմանված մարզերից, իսկ խմիչքի թորումն իրականացվում է տարվա հատուկ սահմանված ժամանակներում: Այս առումով, նշել է նա, առևտրի միջազգային հանրության համար կոնյակը չի կարող լինել հայկական, մոլդովական, մոսկովյան և այլն, քանի որ դա հանդիսանում է ուրիշի կանոնադրության խախտում: Գրիգորյանը տեղեկացրել է, որ ներկայումս խմիչքի պիտակների վրա գրվում է ՙհայկական կոնյակ՚ կամ ՙArmenian brandy՚: ՙԿգա ժամանակ, երբ մենք ստիպված կլինենք մեկ այլ անվանում գտնել այդ խմիչքի համար: Հնարավոր է, որ Ռուսաստանում վաճառելու համար ստիպված կլինենք գրել ռուսերենով, բայց ոչ ՙբրենդի՚, ինչը չէի ցանկանա անել, քանի որ ետխորհրդային տարածաշրջանում ՙբրենդի՚ անվանումն ունի ոչ այնքան ազնիվ կոնոտացիա և չի ընկալվում որպես կոնյակ՚,-ասել է Գրիգորյանը: Ողջ աշխարհում ՙբրենդին՚ այդ նույն կոնյակն է, որն արտադրվում է Շարանտ տարածաշրջանում, սակայն, ետխորհրդային տարածաշրջանում այն ընկալվում է որպես ՙթերի՚ ինչ-որ մի բան, ընդգծել է Գրիգորյանը: Նա նշել է, որ հարցը Հայաստանում քննարկվում է ամենաբարձր մակարդակով: