Արտաիշխանական խմբակցությունները չեն կարողանա պայմանավորվել նոր վարչապետի թեկնածության շուրջ, Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Ըստ նրա, հստակ գաղափար, որի շուրջ կարելի է ակտիվ քննարկումներ ծավալել, 4 խմբակցությունները դեռ չունեն, հետևաբար`փոխհամաձայնության մասին խոսելը վաղաժամ է: ՙՆրանք մտադիր են հասնել կառավարության հրաժարականին և Տիգրան Սարգսյանի փոխարինմանը, բայց վստահ եմ, որ հենց որ խոսակցություններ սկսվեն նոր վարչապետի մասին, նրանց շրջանում երկպառակություն կսկսվի՚,- գտնում է Սահակյանը: Ըստ որում, նա վստահ է, որ արդյունավետ ընդդիմությունը Հայաստանին հարկավոր է նույնքան, որքան քաղաքական իշխանությունը:
Հիշեցնենք, որ արտաիշխանական 4 խմբակցությունները`Հայ ազգային կոնգրես, ԲՀԿ, ՀՅԴ և ՙԺառանգություն՚ քննարկումներ են անցկացնում`միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու, այնուհետև ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու նպատակով: