Բազմաչարչար Ծածկած շուկայի հարցը, որը, չնայած Երևանի պատմության հուշարձանի կարգավիճակին, վերածվում է սովորական սուպերմարկետի, բարձրացվել է սեպտեմբերի 11-ին կառավարության անդամների հետ խորհրդարանի պատգամավորների հանդիպման ընթացքում:
Ինչպես նշել է ՀԱԿ խմբակցությունից պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հուշարձանին վնաս հասցնելու փաստերի առնչությամբ պետք է քրեական գործ հարուցվեր: ՙԱյժմ ես կառավարությունից պարզաբանումներ եմ պահանջում, թե ինչու չեն կիրառվել օրենքով սահմանված միջոցներ, և ինչու է ոչնչացվել պատմական նշանակության հուշարձանը`չնայած այդ հարցն արդեն մեկ տարի բարձրացվում է խորհրդարանում՚,- հայտարարել է նա: Այդ հարցով գրավոր կերպով դիմելու ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կոչերը չլսված են մնացել:
ՙՀամաձայն Սահմանադրության, մարդիկ, ովքեր պետք է պատասխանեն իմ հարցերին, պետք է գտնվեն այս դահլիճում:`Թող գան Չինաստանից և պատասխան տան: Վարչապետն այսօր իրավունք չունի գործուղման մեջ գտնվել՚,-հայտարարել է նա`մատնանշելով վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը Չինաստան: Պատգամավորն ընդգծել է, որ վարչապետն անմիջական պատասխանատվություն է կրում Ծածկած շուկայի շուրջ ստեղծված իրավիճակի համար: ՙԴեռ 2012 թ.` կառավարական ծրագրի քննարկման ժամանակ, ես հարց տվեցի վարչապետին Ծածկած շուկայի վերաբերյալ: Նա երկար պատասխանում էր, որ դա պետք է ուսումնասիրել, քննարկել, գնահատական տալ…: Իսկ հիմա Ծածկած շուկան չկա՚,- հայտարարել է Փաշինյանը: