15 տարի անց վերածնված ռուսական ՙМММ՚ ֆինանսական բուրգը հասավ նաև Հայաստան: Ապրիլ-մայիսին հանրապետությունում սկսվեց որպես ՙМММ՚ միջազգային հասարակական կազմակերպություն և ՙМММ՚ միջազգային բարեգործական հիմնադրամ ներկայացող նոր ՙМММ՚-ի PR արշավը, որտեղ հիմնական հույսը դրվում է, ճգնաժամի հետ կապված, քաղաքացիների եկամուտների միջև աճող խզման, երկրում աղքատության մակարդակի բարձրացման վրա: ՙՄենք փոխում ենք աշխարհը՚ գաղափարի հեղինակները բնակչության միջոցների ներգրավման իրենց հայեցակարգը կառուցում են բարու և չարի դիմակայության, փոխօգնության և վաշխառության, բնակչության առավել խոցելի շերտերի կողմից հիվանդագին ընկալվող սոցալական կարևոր այլ գաղափարների վրա:
Հայաստանում ՙМММ՚ ստորաբաժանումների տասնապետերը, այսինքն`ղեկավարներն են, ոմն Տաճատը, Լուիզան և Ղևոնդը: Ինչպես հավաստվում է Հայաստանում վերահրատարակված ՙМММ՚ տեղեկագրում, որի հրատարակիչը հայտնի Սերգեյ Մավրոդին է, ՙՙМММ՚ նոր հայեցակարգը՚ արդի բանկային համակարգի աշխատող բիզնես-մոդել է՚: Հին համակարգը կողոպտչական է, նորը կառուցված է փոխօգնության և հումանիզմի վրա՚`այսպիսին է նոր ՙМММ՚-ի լեյտմոտիվը:
Հիշեցնենք, որ անցած դարի 90-ականների սկզբի ՙМММ՚ ֆինանսական բուրգը գործարար Սերգեյ Մավրոդիի խոշորագույն խարդախությունը դարձավ: Փորձագետների տարբեր գնահատակաների համաձայն, ՙМММ՚ գործունեությունից տուժել է 10-ից մինչև 20 մլն ավանդատու, որից 50-ն ինքնասպանություն է գործել: Նման բուրգեր ստեղծվել են նաև Հայաստանում: Պատմությունը, կարծես, ուզում է կրկնվել`անելանելիության և աղքատության նոր ալիքի պայմաններում: