Ադրբեջանական ԶՈՒ հետ շփման գծում զոհերից կարելի էր խուսափել, գրում է Շուշիի հատուկ գումարտակի հրամանատար, «Նախախորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը Facebook-ի իր էջում:
Նրա համոզմամբ, եթե ժամանակին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանակի անձնակազմի հանդեպ սրտացավ լիներ եւ փոքր ինչ հեռատեսություն դրսևորեր, ապա հրադադարի համաձայնագիրը կնքելիս կարող էր նախատեսել այնպիսի պայմաններ եւ մեխանիզմներ, որոնց շնորհիվ էապես կնվազեին հրադադարի խախտման հավանականությունն ու ողբերգական հետեւանքները:
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ս.թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդի դիվերսիոն հարձակմանը դիմակայելիս քաջաբար զոհված Արմեն Լեւոնի Հովհաննիսյանի հարազատներին ու մտերիմներին: Հրադադար կոչվող այս ծխացող պատերազմի քսան տարիների ընթացքում բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքի գնով պաշտպանել են Հայրենիքի սրբազան սահմանը: Միեւնույն ժամանակ՝ նույնիսկ այս պայմաններում զոհերի մեծ մասից հնարավոր կլիներ խուսափել, եթե ռազմաքաղաքական ղեկավարությունն ընդուներ հրադադարից հետո դաշտային հրամանատարների կողմից մի քանի անգամ ներկայացված ծրագիրը, որի շնորհիվ շատ ավելի փոքր ուժերով ու միջոցներով եւ, բնականաբար` շատ ավելի նվազ կորուստների գնով կարելի էր ապահովել շփման գծի արդյունավետ ու անվտանգ պաշտպանությունը», - կարծում է Սեֆիլյանը:
Նա նշել է, որ մինչ օրս այդ ծրագիրն անտեսված է եւ այսուհետ եւս անտեսվելու է, քանի դեռ պետության ու բանակի ղեկին են ներկայիս ապազգային, հակահայ եւ մարդու կյանքը արժեք չհամարող անհոգի պաշտոնյաները: «Սակայն հեռու չէ այն օրը, երբ նրանք պատասխան կտան իրենց հանցավոր անգործությամբ բազմաթիվ հայորդիների զոհվելու պատճառ դառնալու համար», - հայտարարել է Արցախյան
պատերազմի հերոսը:
Հիշեցնենք,
որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Ադրբեջանական կողմն աննախադեպ
ակտիվություն էր ցուցաբերել նաև հունվարի 20-21-ի
գիշերը: Հակառակորդը ինտենսիվ գնդակոծության էր ենթարկել ԼՂՀ ՊՆ դիրքերը
շփման գծի գրեթե ողջ երկայնքով: