ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով Հայաստանի անկախության համար պայքարող մարտիկներից մեկն է, անբավարար է համարում Անկախության հռչակագրի հիմնական կետերի իրագործմանը նպատակաուղվված Հայաստանի իշխանությունների ջանքերը, որի ընդունման 23-րդ տարեդարձն է այսօր: Այդ մասին Հայրիկյանը հայտարարել է օգոստոսի 23-ին մամուլի ասուլիսում:
Նրա ասելով, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից Անկախության մասին հռչակագրի ընդունումն սկիզբ դրեց պետականության ձևավորման գործընթացին, ինչին, սակայն, պատրաստ չէին պետության այն ժամանակվա ղեկավարները, մասնավորապես, Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր զինակիցները: Ինչպես նշել է Հայրիկյանը, հետագա իրադարձություններն արդեն հանգեցրին շեղման ի սկզբանե ընտրված գծից: ՙՀռչակագրի համաձայն, նորանկախ Հայաստանը հաստատում էր իր հավատարմությունը 1918 թվականի Առաջին Հանրապետության ժողովրդավարական ավանդույթներին, մասնավորապես, խոսքը վերաբերում էր համամասնական ընտրակարգով խորհրդարանի ձևավորմանը, ինչպես նաև Սահմանադրական ժողովի միջոցով Սահմանադրության ընդունմանը: Ոչ մեկը, ոչ մյուսը չպահպանվեց՚, - ասել է Հայրիկյանը:
Նա ավելացրել է, որ նույն արատավոր համակարգը պահպանվում է առ այսօր, և հակառակ Անկախության հռչակագրի 3-րդ կետի, հայ ժողովուրդն առայժմ պետականության կրող չէ: ՙՄենք առայժմ չունենք որպես անկախ պետականություն Հայաստանի զարգացման հստակ ռազմավարություն: Մենք ոչ լիովին ենք գնահատում անկախության գաղափարը՚, - կարծում է Հայրիկյանը: