Հայաստանը պետք է նախաստորագրի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, քանի որ դա հանրապետությանը շահավետ է թե տնտեսական, թե ռազմաստրատեգիական տեսանկյուններից: Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ՙՄոդուս-Վիվենդի՚ կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նա ընդսմին ընդգծել է, որ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի առաջիկա նախաստորագրումը հայ-ռուսական հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել, ինչի վկայությունը սպառազինություններին առնչվող ադրբեջանառուսական վերջին գործարքն է: Նա ընդգծել է, որ ռազմավարական գործընկերությունը ենթադրում է երկու կողմերի որոշակի պարտավորություններ, և Ռուսաստանի ռազմավարական գործընկերության պատճառով Հայաստանը հաճախ զրկվում է Արևմուտքի աջակցությունից: Ընդ որում նա քիչ հավանական է համարել այն կանխատեսումները, որ Ասոցացման պայմանագրի նախաստորագրումից հետո Ռուսաստանը Հայաստանից դուրս կբերի իր ռազմակայանը, քանի որ դրա առկայությունը հանրապետությունում ձեռնտու է, առաջին հերթին, Ռուսաստանին: