Հայաստանի քաղաքացիների
64 տոկոսը Մաքսային միությանն անդամակցելու իշխանությունների որոշման կողմնակից
են: Այդ մասին նոյեմբերի 27-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում
GALLUP International association ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը:
Նրա ասելով, քաղաքացիների 36 տոկոսը, պարզապես, ՄՄ
կողմնակից է, 28 տոկոսը` ՄՄ ակտիվ
կողմնակից, 4 տոկոսը` չափազանց բացասաբար
է վերաբերվում այդ որոշմանը, 15 տոկոսն անտարբեր է այդ հարցի նկատմամբ, իսկ 9
տոկոսը դժվարացել է պատասխանել: «ՄՄ անդամակցությանը դրական վերաբերվողների 37
տոկոսը կարծում է, որ այդ որոշումը կհանգեցնի տնտեսական աճի, 26 տոկոսը` գների
նվազման, 17 տոկոսը ոչինչ չի ակնկալում, 8 տոկոսը սպասում է ինֆլյացիա, իսկ 18
տոկոսը` դժվարացել է ինչ-որ բան
կանխատեսել», - ընդգծել է փորձագետը:
Ընդ որում Նավասարդյանն ընդգծել է, որ 2013 թվականի
ապրիլին Եվրասիական զարգացման բանկն անցկացրել էր համանման հարցում, որի համաձայն,
չնայած այն հանգամանքին, որ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցը դեռ
քննարկվում էր, այն ժամանակ Հայաստանի բնակչության 67 տոկոսը ՄՄ կողմնակից էր:
«Այդ ցուցանիշի 3 տոկոս նվազումը ՄՄ դեմ քարոզչության արդյունք է, ինչով զբաղվում
են որոշ քաղաքական ուժեր», - հայտարարել է փորձագետը, որպես օրինակ նշելով ԱԻՄ
առաջնորդ Պարույր Հայրիկյանի անցկացրած հարցումը, որի համաձայն, երկրի բնակչության
73 տոկոսը դեմ է ՄՄ անդամակցությանը: «Նա
այդ հարցում փորձագետ չէ, Հայրիկյանը քաղաքական գործիչ է, ուրեմն թող զբաղվի քաղաքականությամբ»,
- հայտարարել է կազմակերպության ներկայացուցչության ղեկավարը:
Ավելացնենք, որ հարցումն անցկացվել է հոկտեմբերի 9-16-ը
Հայաստանի ողջ տարածքում` 1067
քաղաքացիների շրջանում: