Հայաստանի պոչամբարները ոչ մի նորմատիվի չեն համապատասխանում, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նշել է ՙՀանուն կայուն մարդկային զարգացման՚ ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը:
Փորձագետը նշել է, որ պոչամբարները պատշաճ կերպով մեկուսացված չեն շրջակա միջավայրից, մասնավորապես`ստորգետնյա ջրերից: ՙՀետևաբար`տեղի է ունենում ծանր մետաղներով թունավորում, էկոհամակարգերի և կենսաբազմազանության դեգրադացիա: Բացի այդ, լրջորեն տուժում է բնակչության առողջությունը: Պատահական չէ, որ հանքավայրերի մոտ գտնվող բնակավայրերում տարածված են անպտղությունը և ուռուցքաբանական հիվանդությունները՚, -ասել է Դանիելյանը:
Էկոլոգն ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Հայաստանում հանքավայրերի շահագործումն իրականացվում է հիմնականում բաց եղանակով, ինչը բարձրացնում է էկոլոգիական ռիսկերը: ՙԲաց եղանակով շահագործումն ավելի էժան է, նշանակում է`շատ ավելի շահավետ լեռնահանքային ընկերությունների համար: Տվյալ դեպքում միջազգային կորպորացիաների և Հայաստանից մի խումբ մարդկանց ֆինանսական շահագրգռվածությունը վեր է դասվում համազգային շահերից՚,- ընդգծել է նա:
Դանիելյանը նշել է, որ Հայաստանում արդեն կան էկոլոգիական փախստականներ: ՙԵթե իրավիճակը չփոխվի, նրանց թիվը կավելանա՚,- ասել է փորձագետը:
ՀՀ ԱԻՆ տվյալներով, Հայաստանում 1400 հա ընդհանուր մակերեսով 19 պոչամբար կա: Էկոլոգները բազմիցս նշել են, որ փակ պոչամբարների ռեկուլտիվացիան պատշաճ կերպով չի իրականացվում: Դա, պոչամբարի հատակի մեկուսացման բացակայության հետ միասին, հանգեցնում է ստորգետնյա ջրային համակարգեր ծանր մետաղների ներթափանցմանը: Բացի այդ, մակերևութային փոշին պոչամբարներից տարածվում է շրջակա միջավայր: