Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը պահանջում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը`այն բանի համար, որ կառավարությունը պարզեցրել է տաքսի ծառայությունների լիցենզավորման ընթացակարգը: Այդ մասին նա հայտարարել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:
Հովհաննիսյանը նշել է, որ կառավարությունը վերացրել է պարտադիր բուժզննում անցնելու`տաքսիստներին ուղղված պահանջը: ՙԲուժզննումը ֆիկտիվ բնույթ է կրել, բայց չի կարելի այն վերացնել: Դա անհրաժեշտ է փոխադրումների անվտանգության համար, հարկավոր է խստացնել տրանսպորտի ոլորտում կարգավորումը՚,- ասել է Հովհաննիսյանը:
Հարկ է նշել, որ կառավարությունը վերացրել է բուժզննման պահանջը`հենց այն պատճառով, որ այն ֆիկտիվ բնույթ է կրել և լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր պարունակել:
Հովհաննիսյանը նշում է, որ հանրապետությունում ոտնահարվում են ավտոմեքենաներ ներմուծողների իրավունքները: Գործող նորմերի համաձայն, ներմուծողները չեն կարող ինքնուրույն ավտոմեքենաների մաքսազերծում իրականացնել: Այդ նպատակով կառավարությունը ներմուծել է մաքսային բրոքերների ինստիտուտ, որոնք իրենց ծառայությունների համար 35 հազար դրամ են վերցնում: