Տավուշի մարզի Այգեպար գյուղի մարտական հենակետում օգոստոսի 5-ին, ժամը 23:55-ի սահմաններում հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Շամիրի Այվազյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունում, վիրավոր վիճակում Այվազյանը մեքենայով փորձել է հեռանալ վտանգավոր գոտուց, սակայն հակառակորդը կրակ է բացել մեքենայի դիմապակու ուղղությամբ, ինչի արդյունքում Այվազյանը ստացել է աջ դաստակի հատվածում երկրորդ վիրավորումը:Արմենակ Այվազյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա վիճակը գնահատվում է կայուն:
ԱրմԻնֆո-ի խնդրանքով մեկնաբանելով շփման գծում տիրող իրավիճակը և հակառակորդի ակտիվացումը Տավուշի մարզի ուղղությամբ`ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտարարել է, որ հրադադարի խախտման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: Նա նաև ավելացրել է, որ իրադրությունը ներկայումս ամբողջովին վերահսկվում է հայկական ԶՈւ կողմից: