Ստեփանակերտը պետք է քայլեր ձեռնարկի ադրբեջանական
զինուժի կողմից խոցված հայկական ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու
ուղղությամբ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի
խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Թե ինչպիսին կլինեն Լեռնային Ղարաբաղի քայլերը, կախված
է բացառապես Բաքվի կեցվածքից և իրավիճակը սթափ գնահատելու նրա ունակությունից», -
հայտարարել է նա: Շարմազանովն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուղղաթիռի անկման
վայրի անդադար գնդակոծումը, ինչը խոչընդոտում է անձնակազմի դիակները
վերադարձնելուն, պարզապես, անմարդկային կեցվածք է և հերթական սադրանք: Փոխխոսնակը
հայտարարել է, որ նման կեցվածքով Բաքուն ակնհայտորեն խախտում է միջազգային իրավական նորմերը, մասնավորապես, Ժնեւյան կոնվենցիան, և, հաշվի առնելով այդ հանգամանքը, միջազգային հանրությունը պետք է ավելի շատ ճնշում գործադրի Ադրբեջանի նկատմամբ: Փոխխոսնակը նաև ընդգծել է, որ,
հաշվի առնելով առկա իրողությունները,
ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի հնարավոր սրման ողջ պատասխանատվությունն ընկնելու է Բաքվի վրա:
Նշենք, որ հայկական կողմը դեռ չի կարող պարզել խոցված
ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը` ադրբեջանական կողմից միջադեպի վայրի անդադար
գնդակոծության պատճառով: Ադրբեջանական կողմն այդպես էլ անվտանգության երաշխիքներ
չի տրամադրելլ Կասպրչիկի գլխավորած ԵԱՀԿ դիտարկման խմբին` հայկական ուղղաթիռի
անկման վայր այցելելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել են ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: