«Շավարշ Քոչարյանը,
դատելով նրա վերջին հայտարարություններից, լուրջ խնդիրներ ունի, ու ոչ միայն հիշողության հետ», -
հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանիը` ի պատասխան օրերս «Ազատություն»
ռադիոկայանի հետ զրույցում արտգործնախարարի տեղակալի արած հայտարարություններին:
«Երևի թե Ռոբերտ Քոչարյանը, լինելով ԼՂՀ Անկախության Հռչակագրի հեղինակ /Կարեն Բաբուրյանի հետ միասին/, ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահ և ԼՂՀ առաջին նախագահ, փոխնախարարից շատ ավելի լավ գիտի, թե ինչպես և ինչու իրագործվեց ինքնորոշման իրավունքը ԼՂՀ ստեղծման ճանապարհով, ինչն առավել արդյունավետ էր՝ վերջնական նպատակին հասնելու համար: Բայց Ղարաբաղյան շարժման էությունն ու կարգախոսը մեկն էր՝ «Միացում»: Հենքային հիմնավորումներն ու շարժառիթներն էլ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն էր և արհեստականորեն բաժանված ժողովրդի վերամիավորումը», - հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:
Այնուհետև
Սողոմոնյանը նշում է. «Փոխնախարարը, թերևս, չգիտի, որ Քի-Վեստյան փաստաթղթի հիմքում /դրա ստորագրումը չափազանց մոտ էր իրականություն դառնալուն/ ընկած էր հենց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորումը: Լինելով թե ԼՂՀ, թե ՀՀ նախագահ, Ռոբերտ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման վերջնական նպատակը հենց երկու հայկական պետությունների վերամիավորումն է: Նա, ով կմոռանա այդ նպատակը՝ կմոլորվի, կմոլորեցնի ժողովրդին և կվտանգի Ղարաբաղը», -
հայտարարել է Սողոմոնյանը, հավելելով, թե Հայաստանի և ԼՂՀ-ի իրական ինտեգրացիայի աստիճանն այսօր մոտ է կոնֆեդերատիվ մոդելին, իսկ անվտանգության համակարգում մենք լիարժեք ինտեգրում ունենք: «Սա հանրահայտ փաստ է, որը ոչ թե թուլացնում, այլ հզորացնում է մեզ», -
ասվում է երկրորդ նախագահի գրասենյակի հայտարարությունում:
«Ղարաբաղյան շարժման վերջնական նպատակի մոռացության մատնելը և մեր արտաքին քաղաքական գերատեսչությունում նման փոխնախարարի գոյությունը. սրանք են Ադրբեջանին «տրվող պասերը», -
եզրափակել է Վիկտոր Սողոմոնյանտը:
Հիշեցնենք, որ Շավարշ Քոչարյանը, անցած ուրբաթ օրը մեկնաբանելով Սողոմոնյանի այն հայտարարությունը, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով՝ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է, ասել էր, մասնավորապես, որ պետք չէ այդպիսի հայտարարություններով ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին: Պաշտոնական Բաքուն, նրա խոսքով, այսօր ամեն ինչ անում է, որպեսզի Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնի որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև` Ղարաբաղը ներկայացնելով ոչ թե որպես ինքնորոշված միավոր, այլ Հայաստանի կողմից օկուպացված տարածք: «Եթե մեկը ասում է, որ Ղարաբաղը կազմում է Հայաստանի մաս, դա նույնն է, որ ինքը Ալիևին, ներողություն, «պաս տա»… Մի՞թե կարելի է այդպես մտածել կամ նույնիսկ այդպիսի հարց ձևակերպել: Երբեք Հայաստանի մոտեցումը չի եղել, որ Ղարաբաղը դա Հայաստանի մաս է: Ղարաբաղը անկախ պետություն է: Մեր հարաբերությունները Ղարաբաղի հետ կառուցվում են հորիզոնական, դա ակնհայտ է: Բայց դա, իր հերթին, ամենևին չի նշանակում, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև լինելու է սահման», - նշել էր Շավարշ Քոչարյանը: