Ադրբեջանին զենք վաճառելիս Ռուսաստանի Դաշնությունը ղեկավարվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում կողմերի հավասարության պահպանմամբ: Այդ մասին հունիսի 26-ին Երևանում լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նրա ասելով, Ռուսաստանը զենք է վաճառում աշխարհի տասնյակ երկրների: Այդ բիզնեսն առաջնայիններից մեկն է Ռուսաստանի տնտեսության զարգացման գործում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ զենք է վաճառվում նաև ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետությունների: Հարավային Կովկասի, ավելի ստույգ, Ադրբեջանի պարագայում որոշում կայացնելիս ամենակարևորը կողմերի հավասարության պահպանումն էր անվտանգության ոլորտում, եզրափակել է Ն.Բորդյուժան:
Հունիսի 15-ից ԶԼՄ-ները հեղեղված են Ադրբեջանին ռուսական ռազմական տեխնիկայի գարնանն սկսված մատակարարումների վերաբերյալ տեղեկատվությամբ: Սպառազինությունների վերջին խմբաքանակի շրջանակում Մոսկվան Բաքու կառաքի 94 Տ-90Ս տանկ, մոտ 100 զրահամեքենա, 18 ՙՄստա-Էս՚ հրետանային ինքնագնաց կայանք, 18 ՙՍմերչ՚ ԲՄ-30 համազարկային հրթիռային համակարգ, 18 ՙՎենա՚ ինքնագնաց հրետանային կայանք և 6 ՙՍոլնցեպյոկ՚ ծանր հրանետային համակարգ: Տանկերի հետ միասին գնվում են նաև զրահապատ վերանորոգման-տարհանման մեքենաներ և ինժեներական մեքենաներ, ինչպես նաև համազարկային հրթիռային համակարգերի սպասարկման և հրաձգության կառավարման համար անհրաժեշտ բոլոր մեքենաները: Պայմանագրերով նախատեսված համակարգերի, ինչպես նաև ռազմամթերքի ընդհանուր արժեքը կարող է կազմում առնվազն 700 մլն դոլար, հնարավոր է, 1 մլրդ դոլար: Միայն 2010-2011 թթ. Ռուսաստանն Ադրբեջան է առաքել 3 մլրդ դոլար ընդհանուր գումարի սպառազինություն: