Ադրբեջանի ղեկավարությունը տեղյակ է, որ հայկական զինանոցում առկա հրթիռները կարող են ցանկացած կետ ոչնչացնել Ադրբեջանում, և ադրբեջանական ուժերը պաշտպանության միջոց չունեն: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Ղարաբաղում 2012 թվականի զորահանդեսին այդ համակարգերը ցուցադրվել են: Դա հրթիռային համակարգ է, որը կարող է հասնել մինչև 300 կիլոմետրից հեռու գտնվող թիրախներին և ինքը ավելի հզոր է, և այդ համակարգն էլ ունենք: Չասեմ, թե դա ինչ վնաս կարող է հասցնել, կասեմ, որ Լև Ռոխլինի տպագրած գրքում հստակ նշված է, որ մասնագետները գնահատել են, թե ինչպիսին կարող են լինել այդ հրթիռների օգտագործման հետևանքները, և օրինակ, Ադրբեջանի դեպքում Բաքուն կարող է ոչնչացվել: Էլ չեմ ասում, եթե դա օգտագործվի Մինգեչաուրի ջրամբարի դեմ, որի հետևանքները ավելի լուրջ կլինեն: Խոսքը «Սկադ» հրթիռային համակարգերի մասին է», - ասել է Վաղարշակ Հարությունյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջերս ձեռք բերած հակաօդային և հակահրթիռային պաշտպանության «С-300 Ֆավորիտ» համակարգերին՝ Հարությունյանը նշել է.
«Այո, դա լուրջ համակարգ է, բայց որպեսզի օգտագործվի որպես հակահրթիռային՝ բալիստիկ հրթիռային, պետք է ունենալ այլ հրթիռներ,
որը Ռուսաստանը չի վաճառում որևէ մի պետության, որովհետև դա ընկնում է հակահրթիռային համակարգի արգելման մասին պայմանագրի տակ»:
Խոսելով Ադրբեջանից հնչող այն հայտարարությունների մասին, թե իրենք ի վիճակի են Նախիջևանից հարվածներ հասցնել Երևանին, Վաղարշակ Հարությունյանը անլուրջ է համարել նման սպառնալիքը, որովհետև, ըստ նրա, դա ճանապարհ կբացի հակամարտությանը ՀԱՊԿ-ի միջամտելու համար, և սա Բաքվում հասկանում են: «Ադրբեջանի նպատակը ընդամենը սահմանային դիվերսիաներ կազմակերպելն է և այդ միջոցով փորձել ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ: Նա նպատակ չունի պատերազմ սկսելու: Նա հասկանում է, որ եթե պատերազմ սկսվեց, ինքը հաջողության չի հասնելու, դրա համար միջադեպեր է ստեղծում՝ հետախուզադիվերսիոն խմբեր է օգտագործում․ էդ չափը չի անցնում, որից հետո սկսվում է պատերազմը», - ասել է նա: