Թուրքիայի
բարձրագույն ղեկավարությանն առնչվող կոռուպցիոն սկանդալը նոր շրջադարձ է ստանում:
Դա վկայում է այն մասին, որ ամերիկացիները որոշել են իշխանությունից հեռացնել
վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Փետրվարի 26-ին մամուլի ասուլիսում այդպիսի
կարծիք է հայտնել տարածաշրջանային հարցերի փորձագետ, վերլուծաբան Սարգիս
Հացպանյանը: Նրա ասելով, նախօրեին հրապարակված Էրդողանի զրույցն իր որդու հետ միայն
յուղ լցրեց կրակի վրա:
Հացպանյանը կարծում է, որ Թուրքիայի իրավապահ մարմինները
չէին կարող ինքնուրույն որոշում կայացնել Էրդողանի մերձավորներին ձերբակալելու կամ
նրանց նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Հետևաբար, նրանց վճռական
գործողությունները խոսում են այն մասին, որ սկանդալի հետևում կանգնած են Էրդողանից
ավելի բարձր ուժեր: Հայ վերլուծաբանի կարծիքով, այդ ամենի հետևում կանգնած է
ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլա Գյուլենը, ով մեծ ժողովրդականություն է վայելում ինչպես
Թուրքիայում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Նա չափազանց ուժեղ գործիչ է
իսլամակամ աշխարհում, նրա ազդեցությունը բավականին զգալի է Թուրքիայի և հարևան
երկրների իսլամական շրջանակներում, և այդ պայմաններում ամերիկացիները, պարզապես,
չէին կարող չօգտվել նրա ծառայություններից` Էրդողանի դիրքերը թուլացնելու
նպատակով», - կարծում է Հացպանյանը:
Փորձագետի ասելով, Վաշինգտոնի ցասումը պայմանավորված է
ամերիկացիներից Էրդողանի չափազանց անկախ քաղաքականությամբ, որն առավել վառ է
դրսևորվել թուրք-ռուսական հարաբերությունների որոշ խորացման, ինչպես նաև սիրիական
ճգնաժամի նկատմամբ Էրդողանի դիրքորոշման մեջ:
Ինչպես հայտնի է, մարտի 30-ին Թուրքիայում նախատեսվում
են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և, փորձագետի ասելով, մինչ
այդ Էրդողանի հակառակորդներն ամեն կերպ կփորձեն վարկաբեկել վարչապետի գլխավորած
«Արդարություն և բարգավաճում» կուսակցությունը, ինչին, ըստ էության,
նպատակաուղղված են կոռուպցիոն մերկացումները:
Հիշեցնենք,
որ փետրվարի 25-ին Youtube-ում հայտնվել էր Էրդողանի զրույցն իր որդու հետ, որի
ժամանակ Թուրքիայի վարչապետը որդուն ասում է, թե ինչպես ազատվել տանը պահվող
վիթխարի կանխիկ գումարից: Ձայնագրության տարածումից անմիջապես հետո Թուրքիայի
կառավարությունում տեղի է ունեցել արտակարգ նիստ` նեղ շրջանակով, և կառավարության
կայքում զետեղվել է հաղորդում, որում բոլոր հրապարակված ձայնագրությունները
որակվում են անբարրոյական մոնտաժ: Սակայն, ամենայն հավանականությամբ, ըստ
մասնագետների գնահատականների, ձայնագրությունները մոտաժ չեն: Իրենց
գրասենյակներում անհապաղ հավաքվել են նաև ընդդիմադիրները` Թուրքիայի Ժողովրդահանրապետական
կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցությունը: ԺՀԿ հրապարակել է հայտարարություն,
որում ասվում է, թե Թուրքիայի կառավորթյունը կորցրել է իր լեգիտիմությունը: