Հայոց ցեղասպանության
վերաբերյալ ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի կոմիտեի ընդունած բանաձևը բացասաբար
կանդրադառնա Թուրքիայի և Հայաստանի հաշտության գործընթացի վրա: Այդ մասին
հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, հաղորդում է SalamNews-ը` վկայակոչելով Anadolu գործակալությունը:
Նա հայկական Սփյուռքին կոչ է արել նման
գործողություններով «չվնասել» թուրք-հայկական հարաբերություններին: «Մենք պատրաստ
ենք երկխոսության: Մենք պատրաստ ենք ցանկացած թեմայի քննարկման և պատմության
արդարացի գնահատման», - ընդգծել է Դավութօղլուն: Նա միևնույն ժամանակ նշել է, թե
այդ առնչությամբ չափազանց կարևոր են պատմական հետազոտությունները, և նման թեմաները
երբեք չպետք է շահարիկվեն քաղաքական նկատառումներով: «Մենք բազմիցս հայտնել ենք
մեր սկզբունքային դիրքորոշումն այդ հարցի նկատմամբ: 2005 թվականին մենք առաջարկել
ենք պատմական հանձնաժողով ստեղծել Թուրքիայի ազգային մեծ ժողովում: Այսօր
Թուրքիայի հակառակորդ որոշ շրջանակներ այդ հարցն օրակարգ են մտցնում և ցանկանում
են այդպիսով ճնշում գործադրել Անկարայի նկատմամբ: Սակայն Թուրքիան միշտ
սկզբունքային դիրքորիոշում կպահպանի այդ հարցի նկատմամբ», - ամփոփել է Թուրքիայի
արտգործնախարարը:
Հիշեցնենք,
որ նախօրեին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև: Կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը, մասնավորապես, հայտարարել է. «Ցեղասպանությունը դա ցեղասպանություն է, և դրան երբեք չի կարելի մեկ այլ անուն տալ»: Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն
Արամ Համփարյանն իր հերթին հայտարարել է, որ այդ բանաձևի ընդունումը վերջ կդնի
Վաշինգոտնի հովանավորչությանը Անկարայի ժխտողական քաղաքականությանը: Անկարան այդ
առնչությամբ արդեն իր մտահոգությունն է հայտնել Վաշինգտոնին