Հայ միգրանտներն
այլ երկրներում պետք է դառնան ազգային բրենդի «դեսպանները»: Այսօր Երևանում
կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ամերիկյան GK ընկերության
գլխավոր տնօրեն Վազգեն Քալաջյանը, նշելով, որ եթե մարդիկ լքում են իրենց երկիրը,
դա դեռ չի նշանակում, որ նրանք վատ են մտածում նրա մասին:
«Հասարակայնությունը, իշխանությունները,
ընկերությունները, հասարակական կազմակերպութոյւնները, երկրի քաղաքացիները,
սփյուռքը, տարբեր մասնագիտութունների տեր անձինք, գիտութան գործիչները,
արվեստագետները և ֆերմերները պետք է ունենան միայն մեկ համահայկական մեսիջ, որով
նրանք պետք է իրենց երկիրը ներկայացնեն միջազգային թատերաբեմում»,-նշել է
Քալաջյանը:
Նրա խոսքերով, ազգային բրենդը կարևոր դերակատարություն
ունի երկրի իմիջի ձևավորման հարցում: «Շատերը, լինելով անգամ կրթված, պատկերացում
չունեն, թե ինչ երկիր է Հայաստանը և որտեղ է այն գտնվում: Ազգային հզոր բրենդինգն
ի վիճակի է արմատապես և դրականորեն փոխել մարդկանց պատկերացումները տվյալ երկրի,
նրա տնտեսական, սոցիալական և քաղաքական իրավիճակի մասին, ինչպես ազգային, այնպես
էլ միջազգային մակարդակով»,-պարզաբանել է Քալաջյանը:
Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր
տնօրեն Արմեն Խաչատրյանն էլ իր հերթին նշել է, որ ազգային բրենդն անփոխարինելի
դերակատարություն ունի երկրի տնտեսական զարգացման գործում: «Ճիշտ մշակված բրենդը
համաշխարհային շուկաներում կփոխի հայկական արտադրության ապրանքների ու
ծառայությունների ճանաչելիությունը, խթանելով անգամ օտարերկրյա ներդրումների
ներհոսքը, քանի որ Հայաստանը կներկայցվի որպես կայուն, թափանցիկ և կանխատեսելի
տնտեսական միջավայր ունեցող երկիր»,-նշել է Ա.Խաչատրյանը: Նա նշել է, որ ազգային
բրենդը կնպաստի նաև տուրիզմի զարգացմանը, քանի որ տեղեկություններ կպարունակի
երկրի ազգային, մշակութային և պատմական արժեքների մասին: Այլ խոսքերով, բրենդը
պետք է արժանահավատ տեղեկություններ պարունակի երկրի անցյալի, ներկայի ու ապագայի
մասին: Խաչատրյանն ընդգծել է, որ ազգային բրենդի առաջախաղացման ծրագիրն
իդեալականորեն լրացնում է երկրում ընթացող ռեֆորմներն ավիացիայի ոլորտում,
մասնավորապես, բաց երկնքի քաղաքականության իրականացումը:
Հիշեցնենք, որ ՀԱՄՀ և GK ընկերությունը փետրվարի 20-ին
ստորագրել են հայկական ազգային բրենդի ձևավորման վերաբերյալ համաձայնագիր: Այդ
նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրել է 62 մլն.դրամ: Պայմանավորվածություն կա
նաև USAID հետ` 255 հազ.դոլարի դոնորական աջակցություն ստանալու նպատակով:
Նշենք,
որ ազգային բրենդի ինդեքսով (Anholt-GfK Roper Nation Brands Index) Հայաստանն
աշխարհում զբաղեցնում է 137-րդ տեղը: