Ադրբեջանը շարունակում է
կոպտորեն
խախտել
հրադադարի
ռեժիմը, համառորեն
մերժելով
ԵԱՀԿ
Մինսկի
խմբի
համանախագահների
կողմից
ԼՂ
հակամարտության
խաղաղ
կարգավորմանն
ուղղված
շարունակական
կոչերը: Այդ
մասին
այսօր
ՀՀ
Ազգային
Ժողովում
հայտարարել
է
Ազգային
ժողովի
փոխնախագահ
Էդուարդ
Շարմազանովը:
«Սրա վառ ապացույցն է
այն, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դիպուկահարի
կողմից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Գառնիկ Թորոսյանը: Ակնհայտ է, որ
այս ամենն արդյունք է Ադրբեջանի ղեկավարության ֆաշիստական եւ հայատյաց
քաղաքականության: Եվ այս ամենից հետո նրանք դեռ իրենց հասարակությունն անվանում են
հանդուրժողական»,- նշել է Շարմազանովը, հիշեցնելով, որ Երկրորդ աշխարհամարտից առաջ
գերմանական նացիստներն էլ էին իրենց շարժումը կոչում քրիստոնեական:
Նա անդրադարձել է նաև Քեսաբի ողբերգական իրադարձություններին: «ՀՀ
նախագահը նշել է, որ Քեսաբի հայերի այսօրվա`թվով արդեն
երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի
մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Մեկ բան է անվիճելի, որ Քեսաբի վրա
կատարված ռազմական հարձակումը բացահայտ սպառնալիք է խաղաղությանը և կայունությանը
Մերձավոր Արևելքում: Այս հարձակումներն ազդանշան են ՄԱԿ-ի այն կառույցներին, որոնք
զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ»-ընդգծել է Շարմազանովը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ից սահմանամերձ Քեսաբ քաղաքը
հարձակման է ենթարկվում իսլամական «Ալ-Նուսրա» և «Իսլամական ճակատ» խմբավորումների
կողմից: Քաղաքը պաշտպանում են հայ կամավորականները, Քեսաբի ինքնապաշտպանության
հայկական ջոկատները, ինչպես նաև Սիրիայի կառավարական բանակը: Քաղաքը գրոհում են
Թուրքիայի կողմից և նրա աջակցությամբ: Խմբավորումների շարքերը համալրում են,
հիմնականում, թուրքերը: Նախօրեին հայտնի է դարձել նաև, որ Թուրքական ռազմաօդային
ուժերը խփել են սիրիական կործանիչը, որը հետապնդել է Թուրքիայից Սիրիայի հայաբնակ
Քեսաբ քաղաք ներթափանցած իսլամական գրոհայիններին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը Սիրիայի իշխանություններին և միջազգային
հանրությանը կոչ են արել պաշտպանել Քեսաբը և տալ համարժեք պատասխան: -կ-