Գազի և էլեկտրաէներգիայի, կաթնամթերթի գների բարձրացումը, ուսման վարձի թանկացումն առաջին հերթին կհանգեցնեն միգրացիայի աճի: Այդ մասին մայիսի 16-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
ՙՀայաստանի իշխանությունների բոլոր այդ հակաժողովրդական քայլերին ժողովուրդը պատասխանում է միգրացիայով՚,-նշել է նա: Նրա կարծիքով, գների բարձրացումը կհանգեցնի սոցիալական վրդովմունքի, բայց խռովություն չի լինի: Բախշյանի խոսքով, հանրապետությունում գների ընդհանուր բարձրացումը պայմանավորված է անցած ընտրություններում ծախսերը փոխհատուցելու օլիգարխների ձգտմամբ:
Անդրադառնալով ուսման վարձի թանկացմանը`Բախշյանը հայտարարել է. ՙՈւսման վարձի թանկացումը հիմնավորում են այն բանով, որ միջոցները կուղղվեն դասախոսների աշխատավարձերի ավելացմանը`կոռուպցիոն ռիսկերի կրճատման նպատակով, բայց թե որքանով է դա մոտ իրականությանը, չեմ կարող ասել՚:
Նշենք, որ հաջորդ ուսումնական տարվանից Երևանի պետական համալսարանում կբարձրանա ուսման վարձը: Նվազագույն վարձաչափը կկազմի 400 հազար դրամ`նախկին 300 հազար դրամի փոխարեն: