ՙՑեղակրոն՚ կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել:
Այդ մասին որոշում է կայացվել Երևանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 19-ի երեկոյան կայացած փակ նիստում` քննչական մարմնի միջնորդության հիման վրա: Շանթ Հարությունյանին դատարանի դահլիճից տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան՝ երկու ամիս ժամկետով դատահոգեբուժական փորձաքննություն անցնելու։ Մինչդեռ, Հայաստանի օրենսդրության համաձայն, դատահոգեբուժական փորձաքննության համար հատկացվում է մինչև 24 օր:
Շանթ Հարությունյանը ձերբակալվել է նոյեմբերի 5-ի քաղաքացիական անհնազանդության զանգվածային ակցիայից հետո, որն ընթանում էր ՙԵս սկսում եմ հեղափոխություն՚ կարգախոսի ներքո: Ակցիայի ժամանակ տեղի են ունեցել ընդհարումներ ոստիկանության հետ, գործի են դրվել ինքնաշեն պայթուցիչ սարքեր:
2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո Շանթ Հարությունյանը ձերբակալվել էր ՙյոթի գործով՚, մեղադրվել զանգվածային անկարգությունների կազմակերպման համար և 2009 թվականի գարնանն ազատ էր արձակվել Առողջապահության նախարարության փորձագետների եզրակացության հիման վրա, որի համաձայն, ՙհանցագործություն կատարելու պահին Շանթ Հարությունյանը եղել է անմեղսունակ՚: