Ռուսաստանի հետ գազային
համաձայնագրերի հակառակորդները չեն ցանկանում նայել ճշմարտության աչքերին, նրանք փորձում
են միայն սևացնել այն ամենն, ինչ անում են Հայաստանի իշխանությունները: Այս մասին այսօր
հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով «Երկրապահ» կամավորների Միության
համագումարի մասնակիցների հարցերին:
Ռուսական կողմի հետ բանակցություններում նախագահը ձեռքբերում է համարում հայ սպառողների
համար ռուսական գազի համեմատաբար ցածր գները, որոնք, համաձայն 2013 թվականի դեկտեմբերի
2-ին ստորագրված համաձայնագրերի, կապված են ռուսաստանի ներքին շուկայի գների հետ:
Ինչ վերաբերվում է 2011 թվականից առաջացած 300 մլն.դոլար պարտքին, ըստ ՀՀ
նախագահի, այդ պարտքը նրա արդյունքն է, որ 2011 թվականից ի վեր գազի սակագները չեն
բարձրացել: «2011 թվականից սկսած ես անձամբ բազմաթիվ անգամ ասել եմ, որ գազի գինը
շարքային քաղաքացիների համար չի փոխվի: Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ գինը չի
բարձրանա, ընդհանրապես: Պարզապես, այդ ժամանակաշրջանում մենք արեցեինք ամեն ինչ,
որպեսզի մեր քաղաքացիներն իրենց վրա չզգան գազի գների աճը: Ավելին, երեք տարիների
ընթացքում մենք երկար ու բարդ բանակցությունների մեջ էինք ռուսական կողմի
հետ»,-նշել է նախագահը: Նա հավելել է, որ տեսականորեն կարելի էր նաև չբանակցել,
բայց այդ դեպքում այդ 300 մլն.դոլարն ստիպված կլինեին վճարել շարքային
քաղաքացիները: Մեկնաբանելով «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20%-ի վաճառքը,
Սարգսյանը ռիտորիկ հարցադրում է արել. «Իսկ ինչ էր մեզ տալու այդ 20%-ը»: «Մեր
ընդդիմախոսները մեզ քննադատում են, որ մենք այդ բաժնետոմսերը վաճառեցինք ցածր
գնով, որ մրցույթ չանցկացրեցինք և այլն: Իսկ որտե՞ղ են երաշխիքները, որ մրցույթի
դեպքում այդ 20% բաժնետոմսերը չէին գնահատվի 30 մլն.դոլարով: Վստահեցնում եմ, եթե
այսօր հայտնվի մեկը, ով կցանկանա այդ 20% բաժնետոմսերը գնել 100 մլն.դոլարով, այդ
դեպքում ես պատրաստ եմ չեղյալ հայտարարել ռուսական կողմի հետ պայմանագիրը և մեր
մասնաբաժինը վաճառել այդ գնով: Իսկ մեզ բարին չկամեցողներին խորհուրդ եմ տալիս,
եթե կարող են, թող իրենք բանակցեն Ռուսաստանի հետ և հասնեն ավելի շահավետ
պայմանների»,-հայտարարել է նախագահը:
Իսկ այն
հարցին, թե ինչու է գազային համաձայնագիրը ստորագրվել 30 տարով, նախագահը
պատասխանել է, որ այդ որոշումը նույնպես ունի իր դրդապատճառները: «30 տարով
համաձայնագիրը, բնականաբար, նախատեսում է նաև ներդրումներ: Այդ դեպքում եկեք
տրամաբանենք, թե որն է ձեռնտու հայկական կողմին` որպեսզի ներդրված միջոցները
վերադարձվեն 5 տարի, թե՞ 30 տարի հետո»,-հայտարարել է նա: