Հունիսի
6-14-ը Երևանում ընթացել է Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցութը`
դաշնամուրի գծով:
Մրցույթի միջազգային ժյուրիի որոշմամբ, առաջին
մրցանակային տեղն ազատ է մնացել: Երկրորդ մրցանակային տեղը կիսել են Եվգենի Ստարոդուբցևը
(Ռուսաստան) և Անաստասիա Նեստերովան (Ռուսաստան): Երրորդ մրցանակային տեղին
արժանացել է Ստեփան Սիմոնյանը (Ռուսաստան), չորրորդ տեղն զբաղեցրել է Ռան Ջիան
(Չինաստան):
Առաջին մրցանակը ենթադրում էր 15 հազար դոլար դրամական
մրցանակ, հյուրաղախային շրջագայություն, կոմպակտ սկավառակի ձայնագրում, դափնեկրի
դիպլոմ: Երկրորդ մրցանակը նախատեսում է 10 հազար դոլար դրամական մրցանակ,
մասնակցություն համրգային ծրագրերի,
դափնեկրի դիպլոմ: Երրորդ մրցանակը` 5 հազար դոլար դրամական մրցանակ, մասնակցություն համրգային ծրագրերի, դափնեկրի դիպլոմ, չորրորդ մրցանակը`
2000 դոլար, դափնեկրի դիպլոմ:
Դասական սոնատի լավագույն մեկնաբանության համար «Քրիշտոֆ
Պենդերեցկի ակադեմիա» ասոցիացիայի սահմանած հատուկ մրցանակը հանձնվել է Ստեփան
Սիմոնյանին` Բեթհովենի դաշնամոււրի թիվ 31 սոնատի կատարման համար: Կոնցերտի
լավագույն ներկայացման համար «Ակուստիկա» ընկերության սահմանած հատուկ մրցանակ է
շնորհվել է Ստեփան Սիմոնյանին` Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի համար, և Անաստասիա
Նեստերովային` Շոպենի դաշնամուրի կոնցերտի համար:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հատուկ մրցանակ էր
սահմանել Խաչատրյանի ստեղծագործության լավագույն մեկնաբանության համար, որին
արժանացել է Եվգենի Ստարոդուբցևը: Նա նվաճել
է նաև մրցույթի պաշտոնական նվագախմբի` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
սահմանած «Հանդիսատեսի համակրանք»
մրցանակը:
Մոսկվայի «Արամ Խաչատրյան»
մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Գաբրիելյանը հատուկ մրցանակ է շնորհել
Հայատսանի պետական երիտասարդական նվագախմբին, որը 2007 թվականից ի վեր էական ավանդ
է ներդրել Արամ Խաչատրյանի անվան մրցույթի կայացման գործում:
Ավելացնենք,
որ հաջորդ տարի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կանցկացվի
ջութակահարների շրջանում: Մրցույթի ժյուրիի նախագահը կլինի հայտնի ջութակահար
Ռուբեն Ահարոնյանը: