ԱՄՆ Սենատի կոմիտեն, ընդունելով Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՙհապճեպ և անփույթ պատրաստված՚ բանաձևի նախագիծ, գերազանցել է իր լիազորությունները, ասվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ:
ՙՄենք մերժում ենք պատմության և իրավունքի աղավաղման նման փորձերը: Դատապարտում ենք նրանց, ովքեր ղեկավարել են այդ կանխակալ նախաձեռնությունը, որը զուրկ է որևէ օրինական հիմքից՚,- նշվում է հայտարարության մեջ:
Ըստ որում, Թուրքիայի ԱԳՆ-ն նշում է, որ թուրքերը և հայերը, ովքեր միասին այդ պատմության մասն են հանդիսանում, երկխոսության միջոցով պետք է արդարության հասնեն 1915 թ. իրադարձությունների առնչությամբ:
Այս համատեքստում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն ավելացնում է, որ 20-րդ դարի սկզբի իրադարձությունների հետաքննման պատմական հանձնաժողով ստեղծելու առաջարկն առաջվա պես մնում է օրակարգում:
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Ներկայացնելով փաստաթուղթը` Կոմիտեի ղեկավար, սենատոր Մենենդեսը, մասնավորապես, հայտարարել է. ՙՑեղասպանությունը դա ցեղասպանություն է, և դրան երբեք չի կարելի մեկ այլ անուն տալ, և բոլորը պետք է ճանաչեն այն, հատկապես` մարդկության դեմ այդ հանցագործության 100-ամյակի նախաշեմին՚: