Գազի գնի թանկացման դեմ բողոքի ակցիայի մի քանի տասնյակ մասնակից այսօր երթ են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտից մինչև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքը:
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը: Նա նշել է, որ 90-օրյա ժամկետում իրենք պետք է քննարկեն գազի սակագնի թանկացման վերաբերյալ դիմումը և նոր որոշում ընդունեն:
Լրագրողների այն հարցին, թե այդ դեպքում ինչու է ընդունվել նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դիմումը, Սողոմոնյանը պատասխանել է, որ երկու դիմումները փոխկապակցված են և պետք է քննարկվեն զուգահեռաբար, սակայն, առայժմ գազի գնի բարձրացման վերաբերյալ հստակ որոշում չի ընդունվել:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը, այսօր կառավարության նիստում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հիշեցրել է, որ ՙՀայՌուսգազարդը՚ հայտ է ներկայացրելՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որի համաձայն`Հայաստան գազ է մատակարարվելու 1 հազար խմ դիմաց $270 գնով: ՙԵս նամակ եմ ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, որում արձանագրվում է, որ ՀՀ կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը՚,- ասել է վարչապետը: Նա ավելացրել է, որ սոցիալապես անապահով ընտանիքները ստանալու են օժանդակություն, որպեսզի գազի գնի թանկացումները նրանց ընտանեկան բյուջեի վրա ազդեցություն չթողնեն: Գազի գնի շուրջ նախատեսվում է բաց հանրային լսումներ անցկացնել, նշել է Սարգսյանը:
Նախօրեին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով 2013-2014 թվականներին կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության հաշվեկշռի փոփոխությունը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, ԱՄՆ դոլար/դրամ փոխարժեքի մեծության և մի շարք այլ գործոնների փոփոխությունները, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց: Մայիսի 14-ին ՙՀայռուսգազարդ՚ ՓԲԸ-ն և ՙՏրանսգազ՚ ՍՊԸ դուստր ձեռնարկությունը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էր ներկայացրել բնակչության համար գազի գների բարձրացման վերաբերյալ հայտը, որի համաձայն` գազի գները կբարձրանան 67%-ով, ներկայիս 132 հազ.դրամից աճելով մինչև 221 հազ.դրամ` մեկ հազ.խոր.մետր գազի դիմաց: Ըստ պաշտոնական վիճակագրության, 2012 թվականին ջերմային էլեկտրակայանների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը ¥182.8 մլրդ. դրամ¤ հանրապետությունում արտադրվող ընդհանուր ծավալներում կազմել է 45.1%, այն ժամանակ, երբ ՀԷԿ-երինը կազմել է 6.4%, ՀԱԷԿ-ինը` 9.8%, բարձրավոլտ էլեկտրացանցերինը` 0.1%, իսկ էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման բաժինը կազմել է 38.6%:
Նշենք, որ ներկայումս ռուսական ակտիվ հանդիսացող ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ընկերությունը բնակչությանը 1 կՎտ էլեկտրաէներգիան ցերեկային ժամերին վաճառում է 30 դրամով, իսկ գիշերային ժամերին` 20 դրամով: Մնացած վերջնական սպառողները 1 կՎտ էլեկտրաէներգիան ստանում են 17-30 դրամով: