Հայաստանից երիտասարդության արտագաղթը ներառում է էական սպառնալիք և ռիսկեր: Այդ մասին հայտարարել է ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը օգոստոսի 12-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի համատեղ ասուլիսում, որը նվիրված էր Երիտասարդության համաշխարհային օրվան: Նրա ասելով, միգրացիան վտանգներ է պարունակում թե՛ մեր երկրի, թե՛ հատկապես երիտասարդ միգրանտների համար՝ Հայաստանից տանելով ուժերով լի, վերարտադրողական լավագույն տարիքում գտնվող մեր հայրենակիցներին, նրանց երբեմն կանգնեցնելով խտրականության և շահագործման ռիսկի առջև: ՙՍակայն պետք է կարողանալ տեսնել և ճիշտ օգտագործել նաև այդ երևույթի բերած հնարավորությունները՚, - նշել է նա:
Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի համաձայն, հարցված երիտասարդների 78.5 տոկոսը հնարավորության դեպքում տարբեր նպատակներով կմեկներ Հայաստանից, իսկ 36.8 տոկոսը՝ կմեկներ ընդմիշտ: ՙՆույնիսկ մեկ փախստական երիտասարդը շատ է, և անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ հասարակությունում նրանց հնարավորինս ինտեգրելու համար: Այդտեղ շատ մեծ է մեր տեղացի երիտասարդների դերը, բայց նաև փախստական երիտասարդների ակտիվ գործունեությունն այս հարցում է՛լ ավելի մեծ արդյունքներ կբերի՚, - ասել է ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանը: