Համաշխարհային
բանկի և կառավարության կողմից արոտավայրերի անապատացման դեմ պայքարի համար
հատկացված 20 մլն դոլարը նպատակին չի ծառայում, հայտարարել է Հանրային խորհրդի
գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի անդամ Ստեփան
Խոյեցյանը:
Նա նշել է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն,
Հայաստանում արոտավայրերը կազմում են 1 մլն հա, իսկ խոտհարքները` 130 հազար հա:
Միևնույն ժամանակ, փորձագետի կարծիքով, շուրջ 600 հազար հա արոտավայրեր իրականում
պիտանի չեն անասունների արածեցման համար: Այդպիսով, հասունանում է մնացած 400
հազար հա արոտավայրերի վերաօգտագործման խնդիրը, ինչը հղի է անապատացման գործընթացների
զարգացման վտանգով:
Խոյեցյանի կարծիքով, այդ վտանգն առավել ևս ակնհայտ է այն
ֆոնին, որ արոտավայրերի բերքատվությունը նորմայից 3-4 անգամ ցածր է: Փորձագետը տեղեկացրել
է, որ վերջին երկու տարում, ԱՊՀ երկրների միջին ցուցանիշների համեմատ, Հայաստանում
արտադրվել է երկու անգամ պակաս միս և 1.4 անգամ պակաս կաթ` բնակչության մեկ շնչի
հաշվով: Այդ ցուցանիշների գծով, ինչպես նշվել է, հանրապետությունը 10-րդ և 8-րդ
տեղն է զբաղեցնում ԱՊՀ 11 երկրների շրջանում:
Ինչպես ավելի
վաղ հաղորդել էր «ԷկոԼուր» ՀԿ ղեկավար Ինգա Զարաֆյանը, Հայաստանի տարածքի
81 տոկոսը ենթակա է անապատացման: Նա նաև ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի
վրա, որ 2008-2011 թթ. հանրապետության գյուղատնտեսական հողերը կրճատվել են 2121,2
հազար հա-ից մինչև 2076,9 հազար հա: Փորձագետների շրջանում պակաս մտահոգություն չի
հարուցում այն հանգամանքը, որ Արարատյան հարթավայրը կորցրել է 30 հազար հա
վարելահող: Զարաֆյանի կարծիքով, կուտակված խնդիրները լուծելու համար պետությանն
անհրաժեշտ է փոխել սպառողական քաղաքականությունը` ջանքերն ուղղելով ջրային և
հողային ռեսուրսների պաշտպանությանն ու պահպանությանը: