Վերջին ամիսներին
հավկիթի թանկացման շրջանակում Երևանի խանութներում արդեն հայտնվել են 80 դրամ
արժողությամբ հավկիթներ: Ամենախոշոր հավկիթներից բացի թանկացել են նաև միջին և
փոքր չափի հավկիթները` համապատասխանաբար 70 և 55-60 դրամ: Ավելի վաղ ամենախոշոր
հավկիթների մանրածախ գինը չէր գերազանցում 60 դրամը, միջին չափի և մանր հավկիթներն
արժեին 50-55 և 35-45 դրամ: Ավելացնենք, որ թանկացել է բոլոր տեղական արտադրողների
արտադրանքը:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2013
թվականի հունվար-հոկտեմբերի ամիսներին 2012 թվականի համեմատ հավկիթը Հայաստանում
թանկացել է 33.5 տոկոսով: Վաճառողներն ու մանրածախ խանութների սեփականատերերը
թանկացումը բացատրում են արտադրող-մատակարարների կողմից գների բարձրացմամբ:
Արտադրողները գների աճը պայմանավորում են կերերի թանկացմամբ, որը, իրականում, եղել
է աննշան; Հավկիթի թանկացման հնարավոր օբյեկտիվ պատճառներին կարելի է դասել 1 կՎտ
էլեկտրաէներգիայի 30-ից մինչև 38 դրամ թանկացումը, ինչի արդյունքում ավելացել են
հավկիթը սառնարաններում պահելու թռչնաֆաբրիկաների ծախսերը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական
հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) դեռ երեք ամիս առաջ «Արաքս» թռչնաֆաբրիկայից, Երևանի
թռչնաֆաբրիկայից, «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկայից» և «Արզնու տոհմային
թռչնաֆաբրիկայից» պահանջել էր թանկացման հիմնավորում: Եթե ինչ-որ հրաշքով ՏՄՊՊՀ
պարզի, որ հավկիթի թանկացումն անհիմն է, տնտեսավարող սուբյեկտներից յուրաքանչյուրը
կտուգանվի մինչև 200 մլն դրամ: Ընկերությունների տրամադրած փաստաթղթերի
ուսումնասիրման հիման վրա ՏՄՊՊՀ մասնագետները հանգել է եզրակացության, որ կերերն
իրոք թանկացել են: Նաև պարզվել է, որ տնտեսավարող սուբյեկտները դրամական միջոցներ
չունեն թխսկաններ գնելու համար: Այսպիսով, մինչ օրս պարզ չէ, թե որքանով
հիմնավորված են «ձվատու» ընկերությունների հայտարարությունները: Իսկ ՏՄՊՊՀ շարունակում է վերլուծել իրավիճակը:
Ի դեպ, իրավիճակն աստիճանաբար պարզվում է` առանց ՏՄՊՊՀ
վերլուծության, հաշվի առնելով, որ տեղական հավկիթի գների աճին զուգընթաց ավելացել
է նաև Հայաստան հավկիթ ներկրողների թիվը: 2013 թվականին Գյուղնախարարությունը
հավկիթի ներմուծման թույլտվություն էր տրամադրել 9 ընկերությունների: Միաժամանակ
«Երևան Սիթիի» վաճառասեղաններին հայտնվել են Բուլղարիայում արտադրված հավկիթներ:
Այսպիսով, շատ շուտով տեղական հավկիթի պակասը կլրացվի արտասահմանից ներմուծված
հավկիթներով: Իսկ ահա դրանց գնի վրա դա հազիվ թե ազդի, ինչի մասին վկայում է
սպառողների բազմամյա դառը փորձը: Նշենք, որ թռչնաֆաբրիկաներն առայժմ Հայաստանի
տնտեսության առավել զարգացած ճյուղերից են: Ինչը չի կարելի պնդել հետագայում` դատելով ներմուծման աճից:
Ինչպես ընդունված է`
Գյուղնախարարությունը Սերգո Կարապետյանի շուրթերով շտապեց մտահոգված
սպառողներին «հանգստացել» այն բանով, որ «ամանորյա տոների նախօրեին հավկիթի
թանկացում չի լինի»: Նախարարի «խոստումներին» անմիջապես միացան արտադրողները:
Այդպիսով, արդեն այսօր պարզ է, որ հավկիթը չի էժանանա: Բաց է մնում միայն մեկ
հարց. ինչու՞ դրանք թանկացան գրեթե երկու անգամ: