Այսօր Հայաստանի ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակին:
Ծաղկեպսակ դնելով ողբերգության զոհերի հուշակոթողին`ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, հայտարարել է, որ չի կասկածում այն բանում, թե ով է հանդիսանում հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչը:
ՙԵթե հասարակությունում կան որոշակի կասկածներ, լիազոր կառույցները պետք է հետևողական լինեն, որպեսզի փարատեն դրանք Բայց ես վստահ եմ, որ հանցագործությունը լիովին բացահայտված է՚- հայտարարել է նա:
Ահաբեկչության ժամանակ սպանված Կարեն Դեմիրճյանի որդին`Ստեփան Դեմիրճյանը, նշել է, որ իրականում ամեն բան արվել է, որպեսզի գործը կոծկվի, և այսօր որևէ մեկը չի հավատում, որ ահաբեկիչների հետևում ոչ ոք կանգնած չի եղել:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, հայտարարել է, որ ահաբեկչության կատարողները բացահայտված են, իսկ նրանց ուղղորդողները`դեռ ոչ: Նա հավաստիացրել է, որ կազմակերպիչները կբացահայտվեն, երբ ՙկարողանանք երկրի տնտեսական աճ ապահովել`ուժեղ Հայաստանում՚:
Ազգային ժողովում ահաբեկչության զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն, ով այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, ուր գտնվում է Կարեն Դեմիրճյանի շիրիմը, իսկ հետո նաև Եռաբլուր, որտեղ թաղված է Վազգեն Սարգսյանը:
1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նստաշրջանի հարց ու պատասխանի ժամանակ դահլիճ են ներխուժել զինված մարդիկ և կրակ բացել՝ հիմնական թիրախ ընտրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին։ Նրանք և Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրումյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը տեղում զոհվել են, ծանր վիրավորվել է Անդրանիկ Մանուկյանը։