ՙԱմերիա՚ ՓԲԸ-ն ավարտել է Հայաստանի դատական համակարգի մոնիտորինգի ծրագիրը: Այս մասին այսօր, Ծաղկաձորում, ծրագրի արդյունքների ամփոփման ընթացքում հայտարարել է ՙԱմերիա՚ ՓԲԸ իրավաբանական պրակտիկայի ղեկավար Դավիթ Սարգսյանը:
Նա նշել է, որ ծրագրի նպատակը երկրում դատական մարմինների միասնական մոնիտորինգի համակարգի ներդրումն էր: Ծրագիրն ուղղված էր դատական համակարգի մոնիտորինգի մեթոդաբանության մշակմանը, որը խահագրգիռ անձանց, մասնավորապես, տարբեր պետական կառույցներին, Փաստաբանների պալատին, Դատական դեպարտամենտին, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և մասնավոր անձանց, հնարավորություն է տալիս որոշել դատական մարմինների գործունեության արդյունավետությունը, բացահայտել թերությունները և մշակել բարեփոխությունների մոդելները:
ՙԻնչպես գիտեք, դատական համակարգը տարբեր կառույցների կողմից մշտապես ենթարկվում է մոնիտորինգի և վերլուծությունների: Բայց այդ հետազոտությունների արդյունքները փոխհամադրելի չեն կարող լինել, քանի որ տվյալների հավաքումը տեղի է ունենում տարբեր մեթոդներով և չի արտացոլում իրական պատկերը: Միասնական մեթոդաբանությունը թույլ է տալիս առավելայույնս ճշգրտորեն որոշել դատական ծառայությունների որակը և մատչելիությունը, դատական գործունեության թափանցիկությունը և հաշվետվությունը, համապատասխանությունը օրենսդրական նորմերին, ինչպես նաև դրանց մատչելիությունը հանրությանը և ԶԼՄ-ներին՚,-ընդգծել է Դ.Սարգսյանը: Նրա կարծիքով, միայն միասնական մեթոդաբանության միջոցով հավաքված տվյալների հիման վրա կարելի է առավելագույնս ճշգրտորեն 1վերլուծել դատական մարմինների գործունեությունը:
Իր հերթին, ՙԱմերիա՚ խորհրդատվական ընկերության ավագ մասնագետ Տիգրան Գրիգորյանը տեղեկացրել է, որ ծրագիրն իրականացվեց 6 փուլով: Ընդ որում, առաջին փուլում ուսումնասիրվեց դատական համակարգերի մոնիտորինգի միջազգային փորձը, երկրորդ փուլում տեղի ունեցավ իրականացված աշխատանքների վերաբերյալ սեմինար: Երրորդ փուլում տեղի է միջազգային փորձի հիման վրա մշակվեց մեթոդաբանությունը: Չորրորդ փուլում իրավաբանները ծանոթացան նոր մեթոդաբանությանը և վերլուիծություններին: Հինգերորդ փուլում կազմակերպվեցին մոնիտորինգի դաշտային աշխատանքներ, այցելելով դատարաններ և ծանոթանալով դատական գործերին, որը տեղի ունեցավ արդարադատության նախարարության, Փաստաբանների պալատի և ՀՀ Դատական դեպարտամենտի հետ համագործակցությամբ: Իսկ վեցերորդ փուլում տեղի ունեցավ սեմինար, որտեղ ընկերությունները ներկայացրեցին իրենց հետազոտությունների վերջնական արդյունքները:
Նշենք, որ մոնիտորինգում ընդգրկված էին` դատական մարմինների ենթակառույցները, հարկադիր կատարողների կառույցը, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայությունը դատական նիստերին և այլ ոլորտներ: Հայաստանի դատական համակարգի մոնիտորինգի ծրագիրն իրականացվեց ՀՀ արդարադատության նախարարության Դատա-իրավական ծրագրերի իրականացման գրասենյակի պատվերով, որը ֆինանսավորել էր Համաշխարհային Բանկը: Ծրագիրը մեկնարկել էր 2012 թվականին: