Հայաստանը պետք է սերտ հարաբերությունների մեջ լինի Ռուսաստանի հետ, բայց, դա չի նշանակում, որ նա անպայման պետք միանա Մաքսային միությանը: Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փետրվարի 15-ին կայացած 7-րդ համագումարում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Նրա խոսքերով,
այդ հարցում իր տեսակետը համընկնում է կուսակցության դիրքորոշմանը և ԶԼՄ-ներում
կուսակցության շարքերում առաջացած պառակտման մասին տեղեկատվությունը չի
համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, քաղաքական գործիչը նշել է, որ
Հայաստանը չպետք է հայտնվեր Մաքսային միության և Եվրամիության միջև կատարվելիք
բարդ ընտրության առջև, քանի որ, նրա կարծիքով, հնարավոր էր միաժամանակ
համագործակցությունը շարունակել թե Մոսկվայի, և թե Բրյուսելի հետ: Միաժամանակ նա
նշել է, որ չի կարող հանդես գալ ՄՄ-ին միանալուն կողմ, քանի որ այդ միության կամ
դրան միանալու «Ճանապարհային քարտեզի» մասին իրեն ոչինչ հայտնի չէ: «Այդ
փաստաթուղթն ավելի սրեց իրավիճակը, ստեղծելով խառնաշփոթ, քանի որ ավելի քան 200
էջանոց այդ փաստաթուղթն իր մեջ պարզություն չի պարունակում»,-նշել է նախկին
արտգործնախարարը:
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության
քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին նշել է, որ ԲՀԿ-ն Մաքսային միությանը միանալու
վերաբերյալ իր հստակ դիրքորոշումը կարտահայտի այն ժամանակ, երբ պարզ կլինի, թե
արդյո՞ք Հայաստանը կստանա տնտեսական օգուտներ: Կապված իշխանությունների այն
հայտարարությունների հետ, որ ոչ իշխանական կուսակցությունները ապատեղեկատվություն
են տարածում 600 անուն ապրանքների առաջիկա թանկացումների մասին, Զոհրաբյանը
հիշեցրել է, որ նման հայտարարություն առաջինն արել է էկոնոմիկայի նախարար Վահրամ
Ավանսյանը: «Ինչպե՞ս կարող են քաղաքական գործիչներն ու քաղաքացիները կողմնորոշվել,
եթե իրենք, իշխանության ներկայացուցիչները չի կարողանում հասկանալ, թե ինչ է
կատարվում»,-հայտարարել է նա: Միաժամանակ Զոհրաբյանն ընդգծել է, որ ԲՀԿ-ն կպայքարի
իշխանությունների սանձարձակությունների դեմ: Այդ համատեքստում նա հատուկ ընդգծել է
Կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի ներդրման դեմ պայքարը: «Ոչ
իշխանական 4 կուսակցություններ այս հարցում համերաշխ են և մտադիր են շարունակել
իրենց պայքարը»,-եզրափակել է Զհրաբյանը: