Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը և սպառման ծավալները վերջին հինգ տարում 50-60 անգամ ավելացել են: Այդ մասին հաղորդել է GNC-Alfa-ի (հանդես է գալիս ՙՌոստելեկոմ՚ բրենդով) գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը լրագրողների հետ հանդիպմանը:
Նրա հավաստմամբ, լայնաշերտ ինտերնետի օգտատերերի թիվը հինգ տարում ավելացել է մինչև 350-400 հազար, իսկ սպառման ծավալները` մինչև 60-70 գեգաբիթ: Նա նշել է, որ աճն ապահովվել է, հիմնականում, մարզերի հաշվին, և այժմ մարզերի և մայրաքաղաքի սպառողների հարաբերակցությունը մոտ 50/50 տոկոս է: Հանրապետությունում գործում են խոշորագույն միջազգային օպերատորների ներկայացուցիչներ, և մրցակցությունը հանգեցրել է օգտատերերի թվի աճի և ինտերնետի գների զգալի նվազման: ՙԱյսօր գին-որակ հարաբերակցությամբ Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում՚, - ասել է ֆարամազյանը: Նա ավելացրել է, որ ըստ կորպորատիվ հաճախորդների հատվածում ինտերնետի որակի Հայաստանն ակնհայտորեն առաջ է անցել տարածաշրջանի երկրներից (Վրաստան, Ադրբեջան, Իրան և Թուրքիա), իսկ զանգվածային ինտերնետի գծով, համենայն դեպս, չի զիջում: Նման բարձր նվաճումները հնարավոր են դարձել օպերատորների ագրեսիվ ներդրումների շնորհիվ, որոնք մինչ օրս շարունակվում են: Ներդրումները նպաստում են ոչ միայն շուկայի զարգացմանը, այլև դրա ձևավորմանը, նշել է Ֆարամազյանը: Միայն ներդրումների շնորհիվ ՙՌոստելեկոմը՚, որ Հայաստանում ծառայություններ է սկսել տրամադրել անցյալ տարվա վերջից, արդեն ստեղծել է ավելի քան 1000 աշխատատեղ, նշել է Ֆարամազյանը: Ընկերությունը օպտիկամանրաթելային մալուխ է անցկացրել մինչև ԼՂՀ սահման, և հետո տեղի օպերատոր ՙՂարաբաղ Տելեկոմը՚ ԼՂՀ-ում իր ցանցն է կառուցել: Վերջին 2,5 տարում ԼՂՀ-ում ինտերնետի օգտատերերի թիվն ավելացել է 40-50 տոկոսով, իսկ գներն զգալիորեն նվազել են, նշել է գլխավոր տնօրենը: