Շփման գծում միջադեպերն անհետևանք չեն մնում ադրբեջանական զինված ուժերի համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Խոսելով անցած շաբաթ Տավուշի մարզի ուղղությամբ հայկական դիրքերի բազմաթիվ գնդակոծությունների պատճառների մասին`նախարարը նշել է, որ վերջին տարիների իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից հայկական և ղարաբաղյան զինված ուժերի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները տեղի են ունենում քաղաքական գործընթացների, կադրային փոխատեղումների և այլ նման հանգամանքների նախաշեմին, ընթացքում կամ դրանց լույսի ներքո:
ՙԿարծում եմ, որ անցած շաբաթ Տավուշի մարզում տեղի ունեցած իրադարձությունները համընկել են Ադրբեջանի ներքաղաքական գործընթացների հետ` կապված նախագահական ընտրությունների, ռազմական ղեկավարության փոփոխման հետ՚,- գտնում է Օհանյանը:
Նրա խոսքով, առաջավոր գծում իրադրության ապակայունացումը ձեռնտու է հակառակորդին, և վստահության մթնոլորտի վերականգնման, շփման գծից դիպուկահարների հեռացման ուղղությամբ հայկական կողմի ձեռնարկած ջանքերն աջակցություն չեն գտնում հարևան պետության ղեկավարության մոտ: ՙՍակայն մեր հրամանատարները տեղում սթափ և սառնասրտորեն գնահատում են իրավիճակը և համարժեք պատասխան տալիս հակառակորդի բոլոր ոտնձգություններին: Մենք այսուհետև էլ կշարունակենք շատ կտրուկ արձագանքել իրավիճակն ապակայունացնելու Ադրբեջանի բոլոր փորձերին՚,- ասել է Օհանյանը: