Փետրվարի 19-ին նշվում է հայ մեծ գրող, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: ՙԱյդ տոնը հատկապես կարևոր է Երևանի պետական տիկնիկային թատրոնի համար, որը կրում է նրա անունը՚,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նրա խոսքով, Թումանյանը մեծ դեր է խաղում թատրոնի համար, որն իր առջև նպատակ է դնում բարձր մակարդակով ներկայացնել գրողի ստեղծագործությունները ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Այսօր թատրոնի բեմում կարելի է տեսնել Թումանյանի 6 ստեղծագործությունների հիման վրա ներկայացումներ, որոնք, ի դեպ, մեծ հետաքրքրություն են առաջացնում արտերկրում: