Հայկական կողմն իր խոստումը կատարել է և անհամաչափ պատասխան է տվել շփման
գծում ուսումնական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռի խոցմանն առնչվող
ադրբեջանական սադրանքին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ընդ որում Օհանյանը նշել է, որ նման դեպքերը հաճախ չեն
հրապարակվում, քանի որ պարունակում են ռազմական գաղտնիություն:
«Ադրբեջանական կողմին տրվել է անհամաչափ պատասխան, այդ գործողության վերաբերյալ տեղեկատվության մի մասը
հասել է հասարակությանը: Սակայն ողջ տեղեկատվության հրապարակումն
աննպատակահարմար էր», - հաղորդել է Օհանյանը:
Հիշեցնենք,
որ նոյեմբերի 12-ին շփման գծում ադրբեջանական կողմը խոցել էր ուսումնական թռիչք
իրականացնող հայկական ուղղաթիռը, ինչի արդյունքում զոհվել էին անձնակազմի երեք
անդամները: Մի քանի օր շարունակ Ադրբեջանը գնդակոծության տակ էր պահում ուղղաթիռի
անկման վայրը` թույլ չտալով դուրս բերել հայ օդաչուների դիակները: Սակայն հայկական
կողմի հատուկ գործողության արդյունքում հաջողվեց վերադարձնել զոհված օդաչուների
աճյունները, ընդ որում Ադրբեջանը մեծ կորուստներ կրեց: