Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում թուրք մտավորականության ներկայացուցիչներն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ կկազմակերպեն:
Ինչպես հաղորդում է Թուրքիայում հրատարակվող ՙՄարմարա՚ թերթը, միջոցառումները ծրագրվում են անցկացնել Ստամբուլի Թաքսիմ, Անկարայի Սաքարիա և Իզմիրի Բասմախանե հրապարակներում: Իրենց հայտարարություններում միջոցառման կազմակերպիչները, մասնավորապես, նշում են, որ հայերը, որոնք հանդիսանում են այս հողերի ամենահնագույն տերերը, ՙոչնչացվեցին՚ այն շարժման արդյունքում, որի մեկնարկը տրվեց 1915 թվականի ապրիլի 24-ին:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքներում իրականացվեց մի քանի փուլերով: Սկզբում զինաթափվեցին բոլոր հայ զինվորները, այնուհետև սահմանամերձ շրջաններից տեղահանվեցին բոլոր հայերը, հետագայում ընդունվեց արտահանման մասին օրենքը, որին հետևեցին զանգվածային տեղահանումները և սպանությունները: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել է բազմաթիվ երկրների, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: