ՙՕրինաց երկիր՚ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ներողություն է խնդրում քաղաքացիներից իր գլխավորած քաղաքական ուժի գործունեության ընթացքում հնարավոր սխալների և բացթողումների համար: Այդ մասին նա հայտարարել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ կուսակցությունը հասարակայնությանը կներկայացնի երկրում կուտակված քաղաքական, սոցիալական, իրավական և տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված իր ծրագիրը:
Այսպես`կուսակցության առաջնորդը հանդես է գալիս խորհրդարանական ընտրությունների 100% համամասնական ընտրակարգի անցման, մեկ կուսակցության քաղաքական դիկտատի վերացման օգտին: Տնտեսության ոլորտում Բաղդասարյանն անհրաժեշտ է համարում բիզնեսի վրա վարչական ճնշման վերացումը, առանց բացառության բոլոր տեսչական մարմինների վերացումը և մեկ միասնական կառույցի ստեղծումը, ստուգումների քանակի կրճատումը, ինպես նաև առևտրային խոշոր ցանցերի քանակի սահմանափակումը`փոքր և միջին բիզնեսի խթանման նպատակով: ՙՄենք հետևողական ենք լինելու առաջադրված խնդիրների լուծման հարցում: Հասկանում եմ, որ մեր գործունեության ընթացքում եղել են սխալներ, թերություններ, և ներողություն ենք խնդրում մեր քաղաքացիներից՚,- ասել է Բաղդասարյանը:
Ըստ որում, նա սխալ չի համարում 2008 թ. նախագահական ընտրություններից հետո իշխող կոալիցիայի մաս կազմելը: Նա կրկին հիշեցրել է, որ այդ քաղաքական որոշումը կայացրել է`արյունահեղությունը կանխելու նպատակով: ՙՄեր ձեռքերն արյունոտ չեն, մեր խիղճը մաքուր է՚,- հայտարարել է Բաղդասարյանը`ընդգծելով, որ հակառակ դեպքում կուսակցությանը չէր հաջողվի 5-րդ անգամ պատգամավորական մանդատներ ստանալ: