Հայաստանի հասարակական մի շարք կազմակերպություններ հանդես են եկել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պահանջով`պայմանավորելով այդ պահանջը Երևանում տեղի ունեցող տրանսպորտային կոլապսով:
Ինչպես հայտարարել է Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, Բեգլարյանը չի կատարում իր պարտականությունները և անհրաժեշտ հայեցակարգեր չի մշակում`խուսափելու համար քաոսից, որում հայտնվել է երկրի տրանսպորտային համակարգը: ՙՍակագների վերաբերյալ որոշում ընդունում է քաղաքապետարանը, սակայն նախարարությունը պետք է շրջանակներ դնի, որից մասնավոր ձեռնարկատերերը չեն կարող դուրս գալ, բայց մեր նախարարին դա պետք չէ՚,- հայտարարել է նա: Ըստ որում, Հովհաննիսյանն առաջարկել է նախարարին հանձնաժողով ստեղծել, որը հասարակական կազմակերպությունների հետ համատեղ խնդրի լուծում կգտնի:
Լիգայի ղեկավարը նաև նշել է, որ տաքսիների և հասարակական տրանսպորտի բողոքող վարորդները մեկ շաբաթ ժամանակ են տալիս Բեգլարյանին համակարգի բարեփոխման համար, ինչից հետո արմատական միջոցներ կձեռնարկեն: ՙՕգոստոսի 16-ին ՙԷրեբունի՚ թանգարան-արգելոցի մոտ տեղի կունենա վարորդների հանրահավաքը, ինչից հետո կշարժվենք դեպի քաղաքապետարան և կշարունակենք բողոքի ակցիան՚,- հայտարարել է նա`ավելացնելով, որ հանրահավաքին կմասնակցի շուրջ 20 հազար մարդ: Տաքսիների վարորդների դժգոհությունը հարուցել է Երևանում վճարովի ավտոկայանատեղիներ ստեղծելու որոշումը:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպմամբ զբաղվելու է ՙՓարկինգ Սիթի Սերվիս՚ ու ՙԼոկատոր՚ ՓԲԸ-ների կոնսորցիում խումբը`ընտրված մրցույթի արդյունքում: Վճարովի ավտոկայանատեղիներում շուրջօրյա տեսահսկողություն է իրականացվելու: Քաղաքապետի որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել քաղաքացիների շրջանում: Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է ՙԱվտոկանգառային անհնազանդությունը սկսված է՚ շարժում, որի անդամները հասարակայնությանը կոչ են անում բոյկոտել մայրաքաղաքի իշխանությունների այս որոշումը, ինչը, նրանց կարծիքով, Սահմանադրության և մարդու իրավունքների կոպիտ խախտում է: