Զբոսաշրջային ոլորտի պաշտոնյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը կրկին զարմացրել է լրագրողներին ակնհայտի իր հերքմամբ` պնդելով, թե հանգիստը Հայաստանում իբր 10% -ով ավելի էժան է, քան Վրաստանում: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա իր գնահատակաները հիմնավորել է հետևյալ անտրամաբանական հայտարարությամբ: ՙՕբյեկտիվ գնահատականի համար հարկավոր է միմյանց հավասար մեծություններ վերցնել` հանգիստը Հայաստանի մայրաքաղաք Երևանում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի հետ, Ջերմուկը Բորժոմի հետ, բայց ոչ Երևանը Քոբուլեթիի հետ, ինչից էլ արտերկրում հանգստի էժանության վերաբերյալ սխալ լուրեր են տարածվում: Կարևոր է նաև այն փաստը, որ համեմատության համար տվյալներ պետք է վերցնել միևնույն աղբյուրից, օրինակ` booking.com կայքը՚: Անհասկանալի է միայն, թե վարչության պետը ինչու է որոշել հիմարության և, ըստ երևույթին, անհայրենասիրության մեջ մեղադրել բոլոր նրանց, ովքեր, նրա կարծիքով, ՙանհեթեթ լուրեր են տարածում՚, թեև բոլորին է հայտնի, որ ամռան շրջանում հարյուր հազարավոր մարդիկ հանգստի են մեկնում Վրաստանի սևծովյան ափ`ոչ միայն այն պատճառով, որ, ըստ Ապրեսյանի, չեն սիրում կամ թերագնահատում են մասնավորին ծախված Սևանի ափերը:
Շարունակելով պաշտպանել պաշտոնյայի դիրքորոշումը`մամուլի ասուլիսին մասնակցող Ծաղկաձորի փոխքաղաքապետ Գարիկ Հայրապետյանը, որպես օրինակ, նշել է, որ Ծաղկաձորում 6-օրյա հանգիստը`3-անգամյա սնունդով և Ամանորյա շոուին մասնակցությամբ, սկսվում է 130 հազարից և հասնում մինչև 3 մլն դրամ մեկ մարդու համար: Ըստ երևույթին, հասկանալով, որ գումարները չափազանց բարձր են`նա հավելել է, որ հաճախ մի քանի ընտանիք միավորվում են և սեփական տուն վարձակալում օրը 25 հազար դրամով:
Լիակատար խառնաշփոթություն մտցնելով ոչ միայն Քոբուլեթիի հետ Երևանի համեմատության, այլ նաև տարվա եղանակների մեջ`Մ. Ապրեսյանն ընդգծել է, որ տարեցտարի ավելանում է Հայաստանում հանգստանալու և Նոր Տարին անցկացնելու ցանկություն ունեցողների թիվը: Ըստ որում, աճն ապահովվում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլ նաև օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից, հատկապես`ԱՊՀ երկրներից: Վիճակագրական տվյալների համաձայն 2013 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել շուրջ 678 հազար զբոսաշրջիկ, ինչև 2012 թ. նույն ժամանակաշրջանի մակարդակից բարձր է 12,4%-ով: Ըստ որում, ներքին զբոսաշրջությունը Հայաստանում 2013 թ. հունվար-սեպտեմբերին աճել է 38,2%-ով: Իր երկրում հանգստացել է Հայաստանի 587 հազար քաղաքացի:
ՙԱռաջարկների և բողոքների գրքի՚ գործառույթներ ստանձնելով `Մ. Ապրեսյանը, չգիտես ինչու, համոզմունք է հայտնել, որ զբոսաշրջիկները գոհ են սպասարկման որակից և մատուցվող ծառայությունների գներից, հարմարավետ ու ապահով են զգում իրենց, ինչին կարելի է ավելացնել նաև ՙբարենպաստ ներդրումային մթնոլորտը՚:
Սակայն, պաշտոնյան, չգիտես ինչու, չի խոսել իրեն վստահված ոլորտի խնդիրների մասին, կարծես, դրանք բացակայում են, թեև տուրիստական շուկայի մասնակիցները, հատկապես`տուրօպերատորները, նշում են մի շարք չլուծված խնդիրներ` ավիատոմսերի, հյուրանոցների գների թանկություն, ցածր սպասարկում, հյուրընկալության միջազգային չափանիշների բացակայություն, որակյալ կադրերի պակաս: